ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը

Անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ դեպքերի համար ահազանգերի և դրանց արձագանքման՝ բնակչության համար առավել մատչելի և արդյունավետ համակարգ:

Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջարկվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ միասնական հեռախոսահամարով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Արմեն Մկրտչյանի՝ ներկայում տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, և արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն որոշել և կողմնորոշվել, թե որ դեպքերում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել: «Մինչդեռ այդպիսի իրավիճակներում պետությունը պարտավոր է ապահովել ահազանգի արդյունավետ սպասարկում, իսկ քաղաքացին կարող է ճշգրիտ չկողմնորոշվել: Նշված խնդիրները կարող են հանգեցնել արձագանքման ժամկետների երկարացման, որոշումների ուշացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարելիության թուլացման»,- ասել է հիմնական զեկուցողը:

Մանրամասն ներկայացնելով Օպերատիվ կառավարման գրասենյակի գործառույթները՝ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ-ում առավել տարածված և բնակչության կողմից ճանաչելի է որպես արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար:

Նշվել է, որ Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծումից անմիջապես հետո աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ: Միաժամանակ կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավվի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը:

Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ Օպերատիվ կառավարման գրասենյակի գործառույթների վերաբերյալ:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ