Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ օրերս «Ագարակ» սահմանային անցակետում Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը։ Արդյունքում կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի կցորդի առջևի մասում առկա է գաղտնարան։

Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ օգտագործելով տեխնիկական միջոցներ՝ իրականացվել է բեռնատար մեքենայի և կցորդի զննությունը։

Մաքսային զննման արդյունքում նշված բեռնատարի կցորդի՝ նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ՝ լցված «Հերոին» տեսակի թմրամիջոցով։

Թմրամիջոցի՝ մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, որը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում դատարանի համապատասխան որոշման հիման վրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։

Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայողների և Քննչական կոմիտեի աշխատակիցները ձեռնարկում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ թմրամիջոցները ՀՀ տարածքով տեղափոխումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ