![]()
Գյումրու Կարեն Դեմիրճյան 37 տանը 37-ամյա Նարեկը թե ինչպես է սպանել ծնողներին՝ 64-տարեկան Սայադին և 63 տարեկան Նազելիին, հարևանները չեն էլ պատկերացնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում են՝ երեխա ժամանակ հանգիստ, նորմալ տղա է եղել, զինծառայության տարիներին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Պատմում են, որ այդ տարիներին նաև ծառայակից ընկերոջը սպանելու փորձ է արել տղան:
![]()
Տարիներ առաջ նաև ծնողներին է փորձել սպանել: Տղան տևական ժամանակ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում և բուժում է ստացել, տուն էր վերադարձել վերջերս:
![]()
Ինչու և ինչ հանգամանքներում կարող է սպանությունը տեղի ունեցած լինել՝ հարևանները չեն պատկերացնում: Ձայներ լսե՞լ են սպանվածների տնից, թե՞ ոչ՝ պատասխան չունեն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածները հայտնաբերվել են ննջարանում:
Սպանված մայրը՝ Նազելին, Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկներից էր, նաև հերթապահում էր Գյումրի ԲԿ-ում, հայրը տան հարակից հատվածում առևտրով էր զբաղվում: Նարեկը քույրեր ունի, ամուսնացած են:
![]()
Ծնողներին սպանելուց հետո տղան ոչ մի տեղ չի փախել: Մեզ հետ զրույցում տարածքում հավաքված մարդիկ ասում են՝ երկրորդ հարկում է եղել, տնային հագուստով, բարձր երաժշտություն է միացրել և պատուհանից հետևել դրսում կատարվող իրադարձություններին ու իրավապահների գործողություններին:
![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորն ու մորը: ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել՝ տեղեկացնելով, որ փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի հետևանքով նրանք մահացել են։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով:
![]()