![]()
Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ անդրադարձել է Լևոն Թոքմաջյանի՝ Պարույր Սևակի քանդակի շուրջ բարձրացած աղմուկին ու քննադատություններին՝ այս համատեքստում հրապարակելով համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի նկար և գրել.
«Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են կամ առավելագույնս տձև և տգեղ, մյուս մասը քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» և այլն։
Բոլորը տձև են, տգեղ, անհասկանալի։ Որևէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտների հետ։ Մարդ ասելով՝ մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում և ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։
Պաբլո Պիկասո ասելով՝ մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու և գորիլայի միջև մի բան։ Ինչու, որովհետև նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։
Լևոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում և այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։
Դրա համար էլ Լևոն Թոքմանջյանն է քանդակագործը, իսկ մենք ամենքս մեր գործին ենք և կարծես թե արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորև բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։
Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձև և անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ և առհասարակ մարդու էլ նման չէ»,- գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ արձանը քանդակագործի նվերն էր Զանգակատուն գյուղի դպրոցին: Այն բացման օրվանից լայն քննադատությունների կենտրոնում էր հայտնվել: Արձանը հեռացնելու որոշում է կայացվել:
![]()