Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կսահմանվի 500 հազար դրամ

Հայաստանում նախատեսում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում՝ անկախ երեխայի կարգաթվից, սահմանել 500 հազար դրամ։

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Առաջարկում ենք ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային՝ այսօրվա դրությամբ կառավարության կողմից տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ։ Ծրագիրն ունեցել է դրական արդյունքներ»,-ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց՝ ծրագրի նպատակն այն է եղել, որ ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով երեխաների ծնունդները շատանան Հայաստանում։ Դա տեղի է ունեցել։ 2018-ին ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը կազմել է շուրջ 8300, 2023-ին կազմել է 12 400-ից ավելի, 2024-ին՝ 12 հազար։

«Քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, մենք միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված կատարել համահարթեցում։ Այսօրվա դրությամբ 1-ին և 2-րդ երեխաների համար տրվող 300 հազար դրամները, 3-րդ և 4-րդի համար տրվող 1 մլն դրամները, 5-րդ և հաջորդի համար տրվող 1.5 մլն դրամների փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը՝ 500 հազար դրամ»,-ասաց Խաչատրյանը։

Միանվագ ծննդյան նպաստից և երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ երեխան ՀՀ քաղաքացի է։ Քաղաքացիության պահանջը կկիրառվի 2026թ հունվարի 1-ից, իսկ համահարթեցման տրամաբանությունը՝ 2026թ սեպտեմբերի 1-ից։

Նախագծերի փաթեթով ներկայացված մյուս առաջարկը կապված է պետական կենսաթոշակների և նպաստների վճարման հետ։ «Խոսքը վերաբերում է անկանխիկի անցման տրամաբանությամբ կենսաթոշակների և նպաստների ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը։ Նախատեսում ենք, որ այն կգործի 2026 թվականին ապրիլի 1-ից»,-ասաց Խաչատրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ