Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին

«Ճանապարհներ ենք սարքել, զենք էլ ենք առել, դպրոցներ էլ ենք սարքել, չնայած՝ մի ուրիշ Խաչակրաց արշավանք էլ իրականացնում եք դպրոցների մասով, հիվանդանոցներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, մանկապարտեզներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել»:

Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որի շրջանակում վերջինս անդրադարձել է պետական պարտքի չափին, ներգրավվող նոր վարկային միջոցներին, դրանց էֆեկտիվությանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքում նաև զենք է գնվել:

Ըստ Հայկ Կոնջորյանի՝ բազմաթիվ կապիտալ ծախսերի արդյունքում ենթակառուցվածքներ են կառուցել, ինչն էլ ունենալու է տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ:

«Մուլտիպլիկատիվ էֆեկտից գո՞հ եք, թե՞ գոհ չեք: Իհարկե, երբեք չեք գալու ասեք, որ գոհ եք, բայց այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, որովհետև եթե մենք այդ պարտքը վերցնում ենք, և կապիտալ ծրագրերը չենք իրականացնում, որպեսզի ապրենք խաղաղ և բարեկեցիկ երկրում, արդյունքում ունենալու ենք իրավիճակ, երբ Հայաստանում լինելու են ղեկավարներ, որոնք այսօր ապօրինի գույքով իրենցից պահանջում են 200 մլն դոլար»,- ասել է նա:

Կոնջորյանը հավելել է, որ հուրախություն երեխաների՝ նրանք չեն ապրել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ