![]()
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի նոյեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում:
2025 թվականի նոյեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4․6°C, որը նորմայից բարձր էր 3․1°C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 2․7մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի ընդամենը 7․4%-ը։ Այն երկրորդ տաք և չոր նոյեմբերն էր սկսած 1935 թվականից։
Միջին օրական ջերմաստիճանները զգալիորեն բարձր էին կլիմայական նորմայից նոյեմբերի 7-11-ը և 20-25-ը ընկած ժամանակահատվածներում։ Նոյեմբեր ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 9-ին Կապանում՝ 27․2°C։ Նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը Դիլիջանում հասավ 25․8°C-ի, իսկ լեռնային շրջաններում՝ մինչև 20°C (Ճամբարակ)։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն օրական ջերմաստիճանները նոյեմբերի 9-10-ը հասել են 19-22°C-ի։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք նոյեմբերը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 5․2°C, իսկ ամենացուրտը՝ 1993 թվականին՝ -3․2°C միջին ամսական ջերմաստիճանով։
Նոյեմբեր ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 30-ին Աշոցքում՝ -13․3 °C։
Հանրապետության տարածքում տեղումներ դիտվել են միայն նոյեմբերի 15-17-ը ընկած ժամանակահատավածում։
Ամենախոնավ նոյեմբերը դիտվել է 1942 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 102․5մմ, իսկ ամենաչորը՝ 2010 թվականին, երբ տեղումներ գրեթե չեն դիտվել։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ նոյեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 53%-ով կամ 19 մմ-ով։
![]()