Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում դեկտեմբերի 5-ին ևս 4 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Նրանց թվում է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ավետիս Առաքելյանն ունի մեղադրյալի կարգավիճակ:

«Ավետիս Առաքելյանին մեղադրանք է ներկայացված ՀՀ ՔՕ 327, 441, 46-452 հոդվածներով՝ համապատասխանաբար Զանգվածային անկարգություններին մասնակցելը, Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը»:

Գյումրու փոխքաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով հոկտեմբերի 20-ին ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենայի անիվները:

Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը նաև Վարդան Ղուկասյանի փեսան է, Ղուկասյանի ձերբակալումից հետո հայտարարել էր, թե քաղաքապետարանը հայտարարում է անժամկետ գործադուլ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ