![]()
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանի խոսքով՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) կաթողիկոս դառնալուց հետո բոլոր այն հոգևորականները, որոնք բարձրաձայնել են եկեղեցու խնդիրների մասին, կա՛մ կարգալույծ են արել, կա՛մ ճնշումներ են եղել, և նրանք ինքնակամ որոշել են եկեղեցում չմնալ:
«100-ավոր սարկավագներ, որոնք կարող էին լավ հոգևորականներ դառնալ, այս ամեն ինչի պատճառով լքել են Մայր Աթոռը: Ոչ մի կաթողիկոսի օրոք այսքան կարգալուծություններ չեն եղել: Գարեգին Բ-ն, ճիշտ է, կառուցել է կառույցներ, բայց ինչքան կառուցել է, այդքան էլ քանդել է եկեղեցին: Նա արհամարհում է եկեղեցու կանոնադրությունը, դարձրել է բռնապետական կառույց: Եկեղեցում գերիշխում է վախը: Ես տեսել եմ մեր եկեղեցու կործանումը, և իմ ընդվզումը փորձ է այն փրկելու»,- ասում է հոգևոր հայրը:
Ըստ նրա՝ եկեղեցու վերնախավը՝ մասնավորապես Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան), ուզում է, որ բոլորը լինեն կառավարելի. «Հաջողված քահանաների հասցեին սպառնալիքներ են հնչում, վախեցնում են, ճնշումների ենթարկում, թե այլ տեղ կգնաս ծառայության և այլն: Իմ դեպքն էլ դրանցից մեկն է»:
Տեր Արամի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու մաքրման ծրագիրը համապատասխանում է եկեղեցու կանոնադրությանը:
«Մենք ունենք եկեղեցականներ, որ ծայրահեղ աղքատության մեջ են, շահույթն այնքան քիչ է, որ նույնիսկ իրենց զավակների նվազագույն կարիքները չեն կարողանում բավարարել: Ինչ վերաբերում է Եպիսկոպոսաց ժողովի հետաձգմանը, ապա կարծում եմ՝ այն պայմանավորված էր կաթողիկոսի վախերով. դա կարող էր դառնալ նրա կաթողիկոս լինելու վերջին օրը: Ինքն անգամ լեգիտիմ կաթողիկոս չէ ժողովրդի շրջանում: Տեսե՞լ եք մի անգամ, որ Մայր Աթոռի պատարագների ժամանակ առջևում կանգնած լինեն կարիքավոր մարդիկ, ծերեր, հաշմանդամներ: Տեսե՞լ եք այցելի աղքատների տներ, իմանա՝ ինչ կյանքով են ապրում իր հոտի անդամները, մեկ զինվորի հուղարկավորություն կազմակերպած լինի»,- ցավ է արտահայտում հոգևորականը, ապա շարունակում. «Մարդկանց տներում մինչև հիմա Վազգեն Առաջինի նկարն է, առաջարկություն եմ արել՝ Գարեգին Բ-ի նկարը կախեն, մերժել են, ասել՝ մեզ համար կաթողիկոսը Վազգեն Առաջինն է, և չենք ընդունում Գարեգինին»:
Ըստ քահանայի՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) 2017 թվականին այցելել է Լոս Անջելես, և եկեղեցու մեջ ժողովուրդը, տեսնելով նրան, բղավել է՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». «Նրան ԱՄՆ-ում դեռ 2017 թվականին է ժողովուրդը մերժել»:
Տեր Արամը եկել է այն համոզմանը, որ նախորդ իշխանություններն իրենց մտածելակերպով և գործելաոճով շատ նման էին այս կաթողիկոսին, դրա համար հեշտությամբ շփվել են միմյանց հետ, իսկ այս իշխանությունների հետ չի կարող, քանի որ նման չեն:
«Մենք այս համազգեստը չենք հագել, որ զբաղվենք քաղաքականությամբ, այլ նրանով, ինչ Քրիստոսը դրել է մեր ուսերին: Գարեգինը այդ առաքելությունից շեղվել է, դարձել ընդդիմադիր գործիչ: Նա արհամարհում է հոտին, կաթողիկոսի գահը բռնազավթել է և նստել»,- ասում է Հովհաննավանքի հոգևոր հովիվը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()