Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

«Ի պատասխան Նարեկ Կարապետյանի՝ Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին՝ շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը և մեղադրում են Նարեկի հորը՝ Կարեն Կարապետյանին, թե ինչու է նրա իշխանության օրոք ֆիքսվել, որ Կապան համայնքը այդ հատվածում սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ կտրականապես համաձայն չէ այդ մեղադրանքին։

«Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի տեղը ո՛չ Կարեն Կարապետյանն է որոշել, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց սահմանները ժառանգել են Սովետական Միությունից, իսկ այնտեղ դրանք որոշվել են այդ պետության ներքին ընթացակարգով։

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար չլիներ, լիներ նույնիսկ որևէ միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար, միևնույն է չէր կարող որևէ պետության սահման որոշել կամ փոխել։ Ասեմ ավելին՝ 21-րդ դարում Սամվել և Կարեն Կարապետյաններից հարյուրապատիկ ավելի հարուստ ու ազդեցիկ մարդիկ չեն կարողանում որևէ պետական սահման փոխել։

2010 թվականին ԱԺ Հանրապետական մեծամասնությունն ուղղակի արձանագրել է այն պարզ իրողությունը, որ Կապանի օդակայանի մոտ՝ Ողջի գետի մյուս ափին, գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը. այլ բան այն ուղղակի չէր էլ կարող արձանագրել։ Իհարկե, կարող էր ոչինչ էլ չարձանագրեր, բայց դրանից Հայաստան-Ադբեջան սահմանը չէր փոխվի, ինչպես որ չի փոխվի որևէ բանակցողի բանակցածով։

Այնպես որ, սիրելի՛ ընկերներ, ինչքան էլ որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը, ես առաջարկում եմ դրան հակադարձել ոչ թե քարոզչությամբ, այլ պարզ տրամաբանությամբ։

Եվ այսպես․ 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում, ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ։ Իսկ եթե հանկարծ մի օր աշխարհը հետ կանգնի այս սկզբունքից, դա լինելու է ոչ թե Նարեկ, Սամվել և Կարեն Կարապետյանների բանակցային տաղանդի շնորհիվ, այլ գերտերությունների ՀԱՄԱՏԵՂ որոշմամբ։

Դե իսկ եթե Նարեկը ցանկանում է մեր հարևան պետությունների դրոշները օգտագործել նախընտրական քարոզարշավում, կարող է դա անել Երասխից, ուր մի կետից կկարողանա նկարել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի դրոշները ու զարմանալ, թե ինչպես է ստացվել, որ այդպես է ստացվել»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ