![]()
Կառավարությունն առաջարկում է 2026 թվականին ԱԱՀ–ից ազատել նաև էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաներ ներմուծողներին։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում տնտեսվարողները ևս մեկ տարով ազատված կլինեն ԱԱՀ վճարելուց. արտոնությունը կերկարաձգվի 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար։
«Այս կանոնն ամբողջությամբ պահպանել ենք, լրացրել ենք բեռնատար մեքենաների կետը, և այդ կանոնը կգործի 2026 թվականի փետրվարի 1-ից»,- մանրամասնել է Պապոյանը։
Նա տեղեկացրել է, որ այս նախագծի շուրջ բազմաթիվ նամակներ են ստացել, շատերն ասել են, որ արդեն պատվիրել են 2024 թվականից առաջ արտադրված մեքենաներ:
«Բայց մենք չէինք էլ հայտարարել, որ երկարացնելու ենք, հետևաբար անձը ներմուծելու համար պատվիրելիս գիտակցել է, որ ԱԱՀ պիտի վճարի։ Հարցադրումները շատ էին, ու մենք, այնուամենայնիվ, ընդառաջեցինք։ Հիմա ասում ենք՝ հաջորդ տարի մինչև փետրվարի 1-ը նրանք էլ ԱԱՀ չեն վճարի։ Այսինքն՝ եթե մինչև փետրվարի 1-ը ներմուծվում է 2020, 2021, 2022, 2023 թվականի մեքենա, ապա կրկին ազատվում է ԱԱՀ-ից»,- նշել է Պապոյանըև հավելել, որ նախապես չեն իմացել, որ նման նախագիծ կներկայացնեն, հետևաբար սա քաղաքացիների համար հաճելի անակնկալ է։
Հիշեցնենք` Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրամոբիլի անմաքս քվոտա։
Մինչ այդ Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա՝ 5000-ը՝ ֆիզանձանց համար, իսկ 3000-ը՝ դիլերների։
![]()