Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարումը։

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ պարզաբանելով օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը:

«Տարածված տեսաձայնագրությունից հստակ երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու և պարզաբանումներ տրամադրելու նպատակով, սակայն վերջինս շարունակել է խախտել հասարակական կարգը՝ կատարելով ձայնարկումներ և խոսելով բարձր տոնայնությամբ։

Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։

Կոմիտեն խստորեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից, ագրեսիվ կամ անթույլատրելի վարքագիծ: Մաքսային հսկողության բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում, որոնք քաղաքացիները պետք է կատարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ