![]()
«Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ կետը այն մասին է, որ եկեղեցու նոր Կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց պահպանման երաշխիքներին»։
Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՀՀ-ում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն՝ մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի՝ հոգևորականն իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի, ընդ որում՝ խոսքը վերաբերում է թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն քահանաներին: Ես կարծում եմ՝ եպիսկոպոսաց դասը, հոգևոր դասը, պետք է քննարկի և որոշման գա մի հարցում՝ արդյոք պահպանվո՞ւմ է կուսակրոնության ինստիտուտը, թե՞ չի պահպանվում։ Եթե պահպանվում է, արդյոք պարտադիր պայմա՞ն է եպիսկոպոս լինելու համար, թե՞ կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ»,- նշել է նա:
Փաշինյանն ասել է, որ եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է նաև հստակ պարզաբանվի թե ինչ է դա նշանակում: Վարչապետը հավելել է՝ ամեն դեպքում նշված հարցերը հոգևոր դասը պետք է ինքը քննարկի և որոշի:
«Ինչ էլ քննարկի և որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն, և երկրորդը պետք է նաև մեխանիզմներ լինեն բարեվարքության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու: Պետք է հստակ լինի՝ բարեվարքության ո՞ր կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ մեղմ հետևանքներ»,- պարզաբանել է վարչապետը:
Նա հավելել է, որ հանրությունը պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված փաստեր ունենալու դեպքում անհատը որ մարմնում կարող է բարձրաձայնել խնդիրը:
![]()