![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Մելանյա Հարությունյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի Սյունիք կատարած այցին․
Պարոն Կարապետյան, մյուս անգամ Սյունիք, առավել ևս Սիսիան այցելելիս, խորհուրդ կտամ ավելի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը և նոր միայն ձեր ձևերով տեղեկատվություն փոխանցել սյունեցիներին։
Այո՛, կառավարությունը իր բարեփոխումների հիմքում դրել է կրթությունը, և հենց դրանով են պայմանավորված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրերը։ Ինչքան էլ փորձեք այդ նախաձեռնությունը ձեր մանիպուլյատիվ խոսույթներով նսեմացնել, վստահ եղեք՝ չի ստացվելու։ Մանավանդ որ ընդամենը մի քանի օր առաջ դուք ինքներդ էիք ասում՝ «ինչ կարիք կա փոքր գյուղերում դպրոց կառուցելու, գործարան կառուցեք»։
Իսկ հիմա՝ Սալվարդի, Հացավանի և Թասիկի դպրոցների մասին։ Լավ է, որ ձեր ռիլում ցույց եք տալիս ձեր համակիրների կողմից պահված դպրոցների անմխիթար պայմանները, բայց շատ վատ է, որ տեղյակ չեք (կամ էլ տեղյակ եք), որ այդ գյուղերի համար Աշոտավան գյուղում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր՝ լավագույն պայմաններով, մեր համաքաղաքացիներին արժանավայել և որակյալ կրթություն ապահովելու համար։
Ինչ վերաբերում է «ստիպված կողքի գյուղ գնալուն»՝ այդ հարցն էլ է մտածված․ աշակերտների փոխադրումը իրականացվելու է հենց կրթահամալիրի միջոցներով։
Ես՝ որպես մարդ, ով ապրել ու մեծացել է Սիսիանում, շատ լավ եմ հիշում ոչ միայն մեր դպրոցների, այլ նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ անտեսված էին և միայն վերջին տարիներին սկսեցին հասցեագրվել ու լուծում ստանալ։ Շատ կուզենայի Ձեզ ցույց տալ մինչ 2018 թվականի Սիսիանը կամ պարզապես մեր փողոցը, որտեղ քայլելիս կարելի էր շատ հեշտ վնասվածք ստանալ։
Քանի որ Սիսիանում եք, խորհուրդ կտամ այցելել նաև Սիսիանի նոր հիվանդանոցը, որը շուտով կհանձնվի շահագործման՝ նույն կառավարության ջանքերով։ Ընդհանրապես առաջարկում եմ պարզապես շրջել Սիսիանով և ծանոթանալ կատարվող աշխատանքներին։
Ի դեպ, այս ամենում մի դրական բան էլ կա․ գոնե կամաց-կամաց սկսել եք ճանաչել Հայաստանի մարզերն ու քաղաքները։ Բայց որպես սյունեցի խորհուրդ կտամ՝ սյունեցիներին մի թերագնահատեք։ Սյունեցիները ձեր «ձևերը» տեսել են, ճանաչում են և հավատացեք՝ խորապես գոհ ու շնորհակալ են կատարվող փոփոխություններից։
Եվ վերջում՝ մի որոշ ժամանակ անց եկեք, միասին գնանք Աշոտավանի կրթահամալիրը ցույց տանք։ Այնտեղ էլ կտեսնեք, թե ինչպես են «ստիպված» գալիս կողքի գյուղից… դե՝ ձեր ձևերով էլի։

![]()