Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին։

Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպմանը մասնակցել է ՆԳ նախարարության, Ոստիկանության ղեկավար կազմի, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։

Փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ՆԳ նախարարության, մասնավորապես՝ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը և հավելել, որ դրանք համակարգի զարգացման պատմության մեջ կառուցվածքային տեսանկյունից ամենակայացածն են ու մասշտաբայինը։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարության արդյունքներին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է չորս հենասյունային ուղղությունների ձևավորումն ու դրանց համաժամանակյա զարգացումը՝ ընդգծելով գործառութային հստակ տարանջատման նշանակությունը։

Խոսելով հանցավորության դեմ պայքարի քաղաքականության մասին՝ փոխնախարար Մկրտչյանը նշել է, որ մշակվել է Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը։ Ռազմավարությամբ կնախանշվեն հանցագործության կատարմանը նպաստող գործոնների վերհանման և չեզոքացման ուղղությամբ հստակ միջոցառումներ։

Հանցավորության գլոբալիզացիայի տեմպերին համընթաց՝ փոխնախարարը կարևորել է նաև ոստիկանության տեխնիկական, ծրագրային ապահովվածությունն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքների, օրենսդրության լավարկման, տվյալների վերլուծության ու վիճակագրության վարման ուղղություններով անելիքները։

ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչները նշել են, որ ՆԳՆ ոստիկանության որդեգրած քաղաքականությունը վերաբերելի է Գործողությունների ծրագրով նախանշված հասարարական կարգի և անվտանգության ուղղությանը. այն ընդգրկում է կազմակերպված հանցավորության, անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի և այլ ոլորտներ։

Առաքելության մասնակիցներն առաջարկել են հանցավորության կանխարգելման ռազմավարության ընդունումից հետո, դիտարկելու նպատակով, այն տրամադրել նաև ներգրավված փորձագետներին։ Նշվել է, որ Գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատելու համար նախորդ առաքելության վերլուծությունը և եզրակացությունները կդրվեն առաջին հաշվետվության հիմքում:

Գործընկերության ամրապնդման տեսանկյունից կողմերը կարևորել են Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։

ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ