Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Պրակտիկայից՝ աշխատանքի անցնելու առաջարկներ, ուսանողներ, նրանց առջև բացվող նոր հորիզոններ, հույզեր ու անակնկալներ…

Դեկտեմբերի 11-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցավ նախարարության և «Ապագա» կրթական հիմնադրամի համատեղ «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Ապագա» հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը, որը գնալով ընդլայնում է իր, այսպես ասած, աշխարհագրությունը՝ ներառելով նոր կազմակերպություններ, պետական գերատեսչություններ ու մասնավոր ընկերություններ:

Այս տարի ծրագրում ընդգրկվել է Հայաստանի պետական հավատարմագրված 12 բուհերից ընտրված 60 ուսանող՝ 30 մասնագիտական ուղղություններով։ 60 ուսանողներից 9-ը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի աջակցությամբ իրենց մասնագիտական պրակտիկան անցել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունում:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, նկատում է՝ ծրագիրը նպաստում է տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների մասնագիտական կողմնորոշմանն ու գործնական կարողությունների ամրապնդմանը։

Վերջինս համոզված է, որ պետք է հնարավորինս շատ ներգրավվել ուսանողներին և երիտասարդներին պետական համակարգ, քանի որ նոր շունչը՝ թարմությունը, որը ուսանողներն են բերում ցանկացած համակարգ, կլինի պետական թե մասնավոր ոլորտ, շատ կարևոր է թե՛ աշխատակիցների, թե՛ ուսանողների մոտիվացիայի համար:

Սիմոնյանի խոսքով՝ ուսանողների ներգրավվածությունը կարևոր է նաև այն առումով, որ նրանք պատկերացնեն, թե ինչ է պետական համակարգը, որքան ծանր է պետության ծառայողի աշխատանքը և ինչքան մեծ պատասխանատվություն է ենթադրում.

«Ես գիտեմ, որ դուք ձեր ներկայությամբ նախարարությունում շատ հետաքրքիր, դրական էմոցիաներ և մոտիվացիա եք փոխանցել մեր աշխատակիցներին, գիտեմ նաև, որ որոշ դեպքերում մենք շատ բան ենք սովորել ձեզանից թե՛ մասնագիտական, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից, հուսով եմ՝ նաև դուք եք սովորել և այսուհետև պատկերացում կունենաք, թե ինչ է կատարվում այս պատերի հետևում և նույնը նաև մնացած պետական կառույցներում: Շնորհավորում եմ այս փուլի ավարտի կապակցությամբ, բայց իրականում սա մի նոր սկզբի մասին է»:

«Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշում է, որ ծրագրի նպատակը ուսանողներին աշխատանքային միջավայր բերելն է, լիահույս է, որ սա նրանց համար կլինի նոր համագործակցության սկիզբ. «Սիրով սպասում եմ, որ մի քանի ամսից մեր ուսանողներին այստեղ կտեսնենք որպես նաև ապագա գործընկերներ, ու իրենց կողմից այդ ցանկությունը մեծ է՝ աշխատելու այստեղ»:

Միջոցառման ընթացքում նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ կիսվեցին ուսանողների հետ շփումների արդյունքներով ու պրակտիկայի ընթացքում ստացած տպավորություններով:

Ուսանողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին գերատեսչությանը՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու և իրենց մասնագիտական ճանապարհին նման մեծ ներդրում ունենալու համար:

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև «Տեխնոլոգիական քուիզ» ինտելեկտուալ խաղը, որի լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը պարգևատրվել են խրախուսական նվերներով։

Ցուցադրվեց նաև ուսանողների պատրաստած «Միֆեր նախարարության մասին» տեսահոլովակը։

Նշենք, որ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հիմնադրամի հավատարիմ գործընկերներից է, որի աջակցությամբ էլ իրականացվել է 9 ուսանողների պրակտիկան։ Ընկերությունը կարևորում է կրթության դերը և նմանատիպ նախագծերի կարևորությունը:

Նկատենք, որ եռամսյա պրակտիկային մասնակցել է 9 ուսանող ԵՊՀ-ից, ՀԱՊՀ-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանից և «Եվրասիա» միջազգային համալսարանից։ Վերջիններս ներգրավված են եղել նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, Թվայնացման, Շուկայի զարգացման, Ֆինանսատնտեսագիտական, Միջազգային համագործակցության և Գործերի կազմակերպման վարչությունների աշխատանքներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ