Միհրան Հակոբյանին դարանակալել, հետապնդել են. բռնությունը նախապես է պլանավորվել. հայտնի է՝ ովքեր են իրականացրել

Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեի դիմաց խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Մ․Հ․-ին և իրականացրել դիտավորությունը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) ։

Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության համար։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից ծեծված վիճակում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Միհրան Հակոբյանը:

Հիշեցնենք՝ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ