Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկել ելույթով։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը և երկրի դիմակայունության բարձրացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են։

Նշել է, որ ձևավորվում և իրականացվում են մի շարք ռազմավարական և ինստիտուցիոնալ լուծումներ՝ ուղղված՝

ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը,

կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը,

շրջանաձև տնտեսության զարգացմանը և կայուն շարժունակության խթանմանը։

«Նախարարն արտահայտել է այն համոզմունքը, որ բնական կապիտալի հաշվառումն ու էկոհամակարգային ծառայությունների գնահատումը պետք է դառնան ազգային պլանավորման և ներդրումային որոշումների անբաժանելի մաս, իսկ նորարար ֆինանսական գործիքները՝ կապի ամրապնդման միջոց պահպանության և զարգացման միջև։

Շեշտել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ ապահովել շրջակա միջավայրի դիմակայունությունը, և գլոբալ համագործակցությունը վճռորոշ է այս գործընթացում։

Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, որը լինելու է կարևոր հարթակ՝ գնահատելու Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումն ու ձևավորելու դրա նպատակներին հասնելու հետագա ուղիները։

Հաստատել է Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ