Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը, որի հարցմանն ի պատասխան, թե արդյոք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվե՞լ են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետը պատասխանել է. «Այո՛, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:

«Ազատությունը» նաև հարցրել է փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ինչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան որ ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել, և ինչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին, և արդյոք այն մրցունակ կլինի՞ Ռուսաստանից ներկրվող վառելիք նկատմամբ:

Այս հարցերին ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանը նշել է.

«Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- պատասխանել է փոխվարչապետը:

Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի, փոխադարձ առևտրի էլ ի՞նչ ոլորտներ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, այդ հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով միայն, որ «այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ