Կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի «112» հեռախոսահամար

Կառավարությունը դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել ՆԳ նախարարության՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ. այն հանրապետության ողջ տարածքում լինելու է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և օգնության տրամադրման արդյունավետ համակարգ:

Օպերատիվ կառավարման գրասենյակի հիմնական գործառույթները լինելու են.

Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ հեռախոսազանգերի, այլ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, արձագանքման կազմակերպումը, այդ թվում՝ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուղղորդումը, ըստ ենթակայության փոխանցումը, արձագանքման ուժերին անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը,

արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ Ոստիկանության և Փրկարար ծառայության ներգրավման, կառավարման մարմինների և բնակչության ազդարարման ու իրազեկման կազմակերպումը, հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը,

ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության մասնագիտական վերլուծությունների իրականացումը, որոնք ճգնաժամային կառավարման համար կապահովեն անհրաժեշտ տեղեկատվական բազա և կօգտագործվեն հետագա կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված՝ կդադարեցվի Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեությունը՝ դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով կփոխանցվեն Օպերատիվ կառավարման գրասենյակին։

Ոստիկանության և Փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների` «1-02», «911», «1-01» փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի «112» հեռախոսահամարը, որը Եվրոպական Միությունում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը գնահատվել է որպես դրական քայլ նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։

Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո, երկրորդ փուլով, աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս Օպերատիվ կառավարման գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։

Միաժամանակ, արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային և տեխնիկական լուծումներով կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավվի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության և կարևորության, ինչպես նաև կնախատեսվեն ահազանգը սպասարկող նոր հաստիքներ՝ ընդգծել է Արմեն Մկրտչյանը։

Նախագծերի փաթեթն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ