![]()
«Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ կա ակտիվացում սուր շնչառական վարակների մասով, աճել է դիմելիությունը թե՛ ամբուլատոր օղակում, թե՛ հիվանդանոցային։
«Մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել՝ քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում՝ դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա, և այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»,- նշել է նախարարը:
Նա չի համաձայնել լրագրողի այն պնդմանը, որ օդի աղտոտվածությունը ևս ազդում է սուր շնչառական վարակների ընթացքի վրա։ Ըստ նրա՝ վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ, վիրուսային հիվանդությունները սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ։
«Մենք համեմատական ենք տանում նաև նախորդ տարվա թվերի հետ։ Ըստ էության, շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից։ Փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունեինք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել»,- ասել է նա՝ հավելելով որ շրջանառվող գրիպի շտամը՝ H3N2-ը սպեցիֆիկ ատիպիկ է և կայուն ջերմություն է առաջացնում, մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ։
Նա նաև նշել է, որ թոքաբորբերի մասով «որևէ այսպես ահագնացող կամ մտահոգություն առաջացնող պատկեր այս պահին չունենք», և որ թոքաբորբ առաջացնում է ոչ միայն H3N2-ը, այլ նաև այլ շնչառական վարակները։ Նախարարը կոչ արեց բնակչությանը, հատկապես՝ ռիսկի խմբերում ընդգրկվածներին, անպայման պատվաստվել գրիպի դեմ, քանի որ «պատվաստված անձինք կամ չեն վարակում, կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները»։
![]()