Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան

«Հիմա մենք աշխատում ենք, մենք պայման չունենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, Ադրբեջանն այդքան էլ պարզ չի՝ պայման ունի, պայման չունի, իրենք այդ թեմաներն առաջ են քաշում և մենք այդ թեմաների հետ առնչվում և առերեսվում ենք»:

Այս մասին Գերմանիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի ասածին, թե այս պահին Հայաստանին և Ադրբեջանին պայմանագիր կնքելու համար խանգարո՞ւմ է Ադրբեջանի առաջ քաշած պայմանը՝ Սահմանադրությունը փոփոխելը։

«Եթե Ադրբեջանը մտածում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, այդ խնդիրը լուծելու ամենակարճ ձևը Խաղաղության համաձայանգիրը ստորագրելն է։ Որովհետև երբ-որ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համաձայն պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը ստուգի այդ համաձայանգրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ չունի լեգիտիմություն ՀՀ ժողովրդին ասելու, թե եկեք Սահմանադրությունը փոխենք։

«Ինչու, որովհետև ՀՀ ժողովուրդը ինձ կասի, 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, հետևաբար ինչու փոխենք մեր Սահմանադրությունը, կստացվի որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք, բա որ դրանից հետո 2-րդ կամ 3-րդ քմահաճույքը ի հայտ եկավ, ինչ ենք անելու»,-ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի հետ չեն քննարկում Սահմանադրության հարցը, որովհետև դա Հայաստանի ներքին հարցն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ