2026-ի ընտրություններից առաջ այս և նմանատիպ այլ ձայնագող ուժեր շարունակելու են խաբել, մոլորեցնել. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանի՝ սպառողական զամբյուղի արեքի վերաբերյալ կեղծիքին:

«Մանիպուլյացիա և կեղծիք «իրենց ձևով»:

Ինչքան ասում եմ չանդրադառնամ նորաթուխ հեքիաթասացներին, այնքան ավելի շատ է ականջ ծակում ժողովրդին մոլորեցնելու նրանց փորձերը: «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը ակնհայտ կեղծիք է տարածել՝ հայտարարելով, թե նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ին 2018-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է:

Նա բերել է վիճակագրական տվյալ, որ 2024-ին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 75811 դրամ է, հետո շարունակել է՝ «մինչդեռ 2018 թվականին դրա արժեքը կազմել է 49219 դրամ, այսինքն՝ այս կարճ ժամանակահատվածում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գրեթե կրկնապատկվել է»: Այ հենց այստեղից էլ սկսվում է իրենց սուտը:

Ի՞նչ է կատարվում իրականում. Վիճակագրական կոմիտեն նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկում է 2 տարբերակով՝ առաջինը ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի հիման վրա է, իսկ երկրորդը՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ:

2024 թվականին Առողջապահության նախարարության մշակած սննդակարգով նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 75811 դրամ, իսկ 2018 թվականին նույն Առողջապահության նախարարության հաշվարկով այդ նվազագույն զամբյուղի չափը կազմել է 61136 դրամ: Աճը՝ 24 տոկոս: Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ 2024-ի ցուցանիշը 67875 դրամ է, իսկ 2018-ին 49219 դրամ է եղել: Աճը՝ 38 տոկոս:

Գոհար Մելոյանը, իրեն լուրջ փորձագետի տեղ դրած, եկել ու Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկը համեմատել է համաշխարհային բանկի մեթոդաբանության հետ, որ ստանա «գրեթե կրկնապատկվել է» միտքը ու կառուցի իր մնացած հեքիաթները:

Հարց է առաջանում. մենք գործ ունենք թվերից չհասկացող մարդկա՞նց, թե՞ դասական մանիպուլյացիա և հեքիաթ տարածողների հետ: Քանի որ սա առաջին դեպքը չէ այս ուժի կողմից, չեմ զարմանում և չեմ էլ սպասում, որ հանրությունից ներողություն կխնդրեն ստելու համար: Բազմիցս առիթներ ունեցել եմ անդրադառնալու նաև Նարեկ Կարապետյանի տարածած ակնհայտ մանիպուլյացիաներին:

Հարգելի՛ հայրենակիցներ, աչալուրջ եղեք, 2026-ի ընտրություններից առաջ այս և նմանատիպ այլ ձայնագող ուժեր շարունակելու են ձեզ խաբել, մոլորեցնել և սուտ խոստումներ տալ:

Այս մարդիկ, հասկանալով գնաճի զգայունությունը, մարդկանց հույզերի հետ են փորձում խաղալ: Գնաճը, իհարկե, բացասաբար է անդրադառնում քաղաքացիների վրա, բայց դրա ազդեցությունը անգամներով ճոխացնող ու կեղտոտ մեթոդներով պայքարող ընդդիմությունը էլ ավելի բացասաբար է անդրադառնում»,- գրել է Մանավազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ