![]()
«Հայկական ժամանակ»-ի զրուցակիցն է Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
— Սրբազա՛ն, վերջերս տարբեր լրատվամիջոցներով հանգամանալից ներկայացրել եք Հովհաննավանքի պատարագից մինչ օրս տեղի ունեցած դեպքերի շարքը, բայց մի քանի կարեւոր հարցեր կան, որ կխնդրեինք դրանց եւս պատասխանել։ Նախ ինչո՞ւ այդքան կարեւորվեց Պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հիշատակումը կամ զեղջումը։ Ընդհանրապես ինչո՞ւ է Պատարագի ժամանակ երեք անգամ հիշատակվում կաթողիկոսի անունը։
— Այո, Սուրբ պատարագի ժամանակ երեք անգամ, իսկ երբեմն էլ եթե երգվում է «Ամեն հայի սրտից բխած», կարելի է ասել՝ չորս անգամ հիշատակվում է Ամենայն հայոց կաթողիկոսի անունը կամ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Որքան հիշում եմ Հայ եկեղեցու պատմությունից, Ս. պատարագի մեջ այդ փոփոխությունը կատարվեց 14-րդ դարում։ Դա Աստվածաբանական, դավանաբանական, ընդհանրապես կրոնական կամ հավատքի տեսանկյունից որեւէ նշանակություն, իմաստ չունի։ Դա թելադրված էր պատմական տվյալ ժամանակի իրավիճակից։
14-րդ դարում Ամենայն հայոց կաթողիկոսությունը գտնվում էր Կիլիկիայում։ Կար նաեւ Աղվանից կաթողիկոսությունը, Աղթամարի կաթողիկոսությունը եւ այլն։ Գիտեք, միջնադարում երբեմն միաժամանակ մի քանի կաթողիկոսներ, կաթողիկոսություններ էին առաջանում։ Պատճառը սեփական պետություն չունենալն էր, մի քանի նվաճողների միջեւ Հայաստանի բաժանված լինելը, այսինքն՝ քաղաքական վիճակն էր։ Եվ, ուրեմն, տարբեր իշխողների, երբեմն իրար դեմ թշնամաբար տրամադրված, հակամարտող, երբեմն նաեւ «հզոր» հայ իշխանների հավակնությունները՝ «սեփական» կաթողիկոս ունենալու, երբեմն առանձին եպիսկոպոսների ամբիցիաները հանգեցնում էին միաժամանակ մի քանի կաթողիկոսների ի հայտ գալուն։ Եղել է, որ միաժամանակ ունեցել ենք վեց կաթողիկոս եւ կաթողիկոսություններ։ Թեմերն էլ երբեմն միանում էին այս, երբեմն՝ մյուս կաթողիկոսությանը։ Պատճառը նաեւ դժվարությունն էր, երբեմն քաղաքական պատճառներով՝ անհնարինությունը հեռավոր Կիլիկիայում գտնվող Մայր Աթոռի հետ կապ պահելու։ Նման իրավիճակում կարեւոր էր, որ Պատարագի ժամանակ ե՛ւ պատարագիչը, ե՛ւ Պատարագի արարողությանը, հատկապես երգասացությանը մասնակցող ժողովուրդը բարձրաձայներ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Ենթադրելի է, որ հիշատակում էին այն կաթողիկոսության կաթողիկոսի անունը, որին պատկանում էին։ Նույնիսկ գիտենք, որ ոչ վաղ անցյալում Կիլիկյան կաթողիկոսության թեմերում Ամենայն հայոց կաթողիկոսի անունը չէր հիշատակվում։
Այսօր այդպիսի իրավիճակ չկա, բայց ավանդույթի ուժով շարունակվում է։ Երկար կարելի է այս մասին խոսել, նաեւ կաթողիկոսի անվան հիշատակությանն անմիջապես հաջորդող առ Աստված խնդրանքին, նաեւ միաժամանակ հաստատագրումին կամ պահանջին, հայտարարությանը, որ տվյալ կաթողիկոսը լինի ուղիղ վարդապետությամբ։ Գրաբար շատ գեղեցիկ է հնչում. «…շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ»։
Հատկանշական է, որ դա ներմուծվել է պատարագիչի անձայն, ծածուկ աղոթքների միջակայքում, բայց հրահանգվել է այդ երկու տողը բարձր արտասանել, հետո նորից շարունակվում է ծածուկ աղոթքը։ Եվ քանի որ այդ հիշատակումը, նորից եմ ասում, որեւէ աստվածաբանական, դավանաբանական, վարդապետական նշանակություն չունի, ուստի զեղջողին առավելագույնը կարելի է նկատողություն անել, պահանջել գրավոր զղջում եւ խոստում, որ այլեւս ինքնակամ զեղջումներ չի անի, առավելագույնը որոշ ժամանակի համար ինչ-որ տույժի (օրինակ՝ փիլոնազրկում եւ այլն) ենթարկել։ Առավել եւս, որ այլ կաթողիկոսի անուն չի ասվել, որ դատապարտելի կլիներ եկեղեցաբանորեն։ Էլ չեմ խոսում քահանաների կողմից եկեղեցու վերասրբագործում անելու մասին, ուր Պատարագի ժամանակ այդ զեղջումն է եղել։ Որովհետեւ պատարագիչ քահանան, որ կատարել է այդ զեղջումը, այդ պահին պաշտոնավարող, օրինական քահանա է, ներկա եպիսկոպոսները՝ նույնպես։ Դա ընդհանրապես աստվածաբանական, եկեղեցագիտական, կանոնական, նաեւ ծիսական, ամեն ինչի խախտում է։ Դա կամայականություն է, քմահաճույք, շոու, չգիտեմ ինչ բառ օգտագործել։
— Բայց կարո՞ղ է որեւէ մեկը կամայականորեն փոխել կամ զեղջել Պատարագի տեքստը։
— Եկեղեցագիտական տեսակետից, ո՛չ, իրավունք չունի։ Բայց նախ՝ մի սխալը մյուսով չի սրբագրվում, երկրորդ՝ վերն ասացի, թե տվյալ պարագային ինչ պատիժ կարելի է սահմանել, հատկապես որ նույն պատարագիչը հաջորդ կիրակի ոչինչ չի զեղջելու։ Գիտեք, եթե մեր նպատակը իրավիճակը լիցքաթափելն է, երկխոսության ճանապարհ գտնելն է, վերջիվերջո տարիներ ձգվող այս տգեղ իրավիճակից, այս ճահճից դուրս գալն է, ուրեմն պետք չէ ամեն մի առիթ, միջադեպ արհեստականորեն ուռճացնել։ Ո՞ւր մնաց Ավետարանական հանդուրժողականությունն ու ներողամտությունը, մեծահոգությունը։ Ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, որի նմանը երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Ես չգիտեմ եւ պարտավոր չեմ, իրավունք էլ չունեմ քննելու, թե ով է ճիշտ, եւ ով է սխալ։ Առկա է ճգնաժամ եկեղեցի-պետություն հարաբերություններում եւ տարիներ շարունակ չի հանգուցալուծվում։ Երկու կողմից հնչում են մեղադրանքներ, բայց լուծում չի գտնվում։ Այս վիճակը վատ է ե՛ւ պետության, ե՛ւ եկեղեցու, ե՛ւ ժողովրդի համար։
— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ստեղծվեց այս վիճակը։ Ի՞նչ պետք է արվի այս վիճակից դուրս գալու եւ ապագային նման իրավիճակում նորից չհայտնվելու համար։
— Շատ կարեւոր հարց է, բայց եւ շատ ընդարձակ։ Փորձեմ տեսականորեն պատասխանել հնարավորինս հակիրճ եւ վեր կանգնելով անձնավորումներից։ Հայ եկեղեցին մեծ, աշխարհով մեկ տարածված կառույց է։ Մեկ անձ, եթե անգամ այդ անձին կոչենք Ամենայն հայոց կաթողիկոս, չի կարող առանց մանրակրկիտ մշակված կանոնադրության, առանց հստակորեն կանոնակարգված, իրենց գործառույթներն իրականացնող կառույցների, առանց վերահսկողական մեխանիզմների անսխալ գործել։ Մեր եկեղեցին շարունակում է կառավարվել միանձնյա կերպով, առանց կանոնադրության, առանց կանոնակարգված կառույցների։ Պետք է անմիջապես, օր առաջ ձեռնարկել եկեղեցու կառավարման եւ կառուցվածքային փոփոխություններ։ Եկեղեցու կառավարման մարմիններն են՝ Ազգային եկեղեցական ժողով, Եպիսկոպոսաց ժողով, Գերագույն հոգեւոր խորհուրդ, Թեմական խորհուրդ, Ծխական խորհուրդ, որոնք չունեն վերջնական, մշակված, ԱԵԺ կողմից հաստատված կանոնադրություններ, արդյունավետ չեն գործում կամ գործում են մասնակիորեն։
Օրինակ՝ Ազգային եկեղեցական ժողով։ Տեսականորեն եւ ավանդաբար համարվում է եկեղեցու օրենսդիր եւ բարձրագույն մարմինը, իր իրավասության ներքո է մինչեւ իսկ կաթողիկոսի ընտրությունը եւ գահընկեցությունը։ Իրականում վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում գումարվել է կաթողիկոս ընտրելու համար միայն, այնուհետեւ դադարել է գոյություն ունենալ։ Վերջին շրջանում փորձ արվեց այդ ժողովի ավելի փոքր Ներկայացուցչական ժողով ստեղծել, որ պիտի երկու տարին մեկ գումարվեր, մեկ-երկու ժողովներ եղան, եւ դադարեց։
Մինչդեռ Ազգային եկեղեցական ժողովը պիտի լինի մշտական, մնայուն, գործուն մարմին, պահի իր վերադաս կարգավիճակը եւ այլն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ունենա Կենտրոնական, ամենօրյա աշխատանքային ռեժիմով գործող գրասենյակ։ Հետագայում կստեղծվեն նաեւ տարածաշրջանային գրասենյակներ։ Եկեղեցու բոլոր կառույցները պիտի հաշվետու լինեն ԱԵԺ Կենտրոնական գրասենյակին, իսկ Կենտրոնական գրասենյակը պիտի գործի հրապարակայնության բաց սկզբունքով։ Սկզբնական շրջանում երկու տարին մեկ պիտի հրավիրվի Ազգային եկեղեցական ժողով, մինչեւ որ եկեղեցու գործունեությունը բնականոն հունի մեջ դրվի։ Պիտի ունենա իր կանոնադրությունը։ Արդյունավետ կլինի, եթե այն քննարկի եւ ընդունի, կամ առնվազն ի գիտություն ընդունի նաեւ ՀՀ Ազգային ժողովը։
— Արդյո՞ք հնարավոր չէր խուսափել այս վիճակից, մի՞թե սրան էինք արժանի, որտե՞ղ սխալվեցինք կամ ի՞նչ բացթողում ունեցանք։
— Պատասխանելուց առաջ ասեմ, որ այդ մասին պետք էր մտածել տարիներ առաջ՝ մինչ Հովհաննավանքի դեպքերը։ Պետք էր մտածել երկուստեք՝ ե՛ւ որպես եկեղեցի, ե՛ւ որպես պետություն։ Եկեղեցին ու պետությունը միշտ պիտի աջակցեն, լրացնեն, օգնեն, հուշեն, ուղղեն միմյանց՝ ի փառս մեր ժողովրդի, մեր պետության, մեր եկեղեցու։ Բայց ունեցանք այն, ինչ որ ունենք։ Հովհաննավանքը անկյունադարձային էր, եւ պարզ էր, որ կառավարությունն անցնում է կոնկրետ գործողությունների։ Վերջին փոքր հնարավորությունը, իմ կարծիքով, Խաչիկ գյուղի պատարագն էր։ Տեղի ունեցավ Պատարագ, որ վեհափառի համաձայնությամբ հանդիսապետեց ամենաբարձր աստիճան ունեցող հոգեւորական՝ արքեպիսկոպոս եւ թեմի առաջնորդ։ Հայտնի էր, որ վարչապետը պիտի ներկա գտնվեր։ Վարչապետն իրեն դրսեւորեց որպես Հայ եկեղեցու պարզ մի հավատացյալ. ողջ Պատարագին հետեւեց ոտքի վրա, ողջույն ստացավ եւ ողջույն փոխանցեց, ծունկի իջած խոստովանեց եւ մեղքերի թողություն ստացավ, հաղորդություն ստացավ եւ Պատարագից հետո որեւէ խոսք, հայտարարության չարեց։ Վարչապետի աշխատակիցների կողմից միակ խնդրանքը եղել էր, որ հիշատակության ժամանակ անուններ չհիշատակվեն, նաեւ որ վարչապետը շտապելու է վերադառնալ Երեւան՝ Վաղարշապատում ընթացող տեղական ընտրությունների հետ կապված։ Չեղարկվեցին նաեւ Պատարագից հետո համայնքի կողմից նախատեսված միջոցառումները։
Չնայած վերջնական որոշումը մնում էր պատարագիչ քահանային՝ կասեր կամ չէր ասի անունները, բայց քանի որ ես ներկա էի, երկու դեպքում էլ պատասխանատուն ես եմ։ Եվ ես այդ պատասխանատվությունից չեմ խուսափել, նաեւ հաջորդ օրը, երբ վեհափառն ինձ կանչեց, նույնն ասացի իրեն եւ ներկա գտնված սրբազաններին։ Գիտե՞ք՝ ինչու. որովհետեւ այդ Պատարագն այնքան մեծ հույսեր էր տալիս, այնքան դրական մթնոլորտում էր անցնում, որ ես կարծում էի, որ երկու կողմերն էլ կօգտագործեն առիթը՝ ճգնաժամը հանգուցալուծման տանելու։
Ավելի պարզ եթե ասեմ, վեհափառը, չարգելելով, թույլ տալով, որ իր ենթակայության արքեպիսկոպոսը հանդիսապետի Պատարագին, ուր ներկա է վարչապետը, իմ կարծիքով, ազդակ էր, որ ինքը պատրաստ է կամ ցանկանում է հանդիպում, նույնը վարչապետի պարագային. հավատացյալի նույն պահվածքով, ինչ նախկին պատարագներին, մասնակցելով արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ Պատարագին՝ ազդակ ուղարկեց, հաստատեց իր այն պնդումը, թե պայքարը եկեղեցու դեմ չէ, այլ որոշ բարձրաստիճան հոգեւորականների, այդ թվում՝ կաթողիկոսի, եւ, ուրեմն, այդ հարթության մեջ պատրաստ է հանդիպելու եւ հարցերը քննարկելու։ Այսինքն՝ երկու կողմից էլ հարցերը լուծելու քայլ էր դա, իմ համեստ կարծիքով։ Ուրեմն, կաթողիկոսի եւ իմ անվան չհիշատակելը գուցե եւ երկու կողմի համար էլ միջոց էր։ Բոլոր դեպքերում, ստեղծված իրավիճակում մի վերջին առիթ էր՝ դրական զարգացման, կողմերի համար ընդունելի հանգուցալուծման տանելու, կամ գոնե այդ ուղղությամբ փորձ անելու։
Վերեւում բացատրեցի, կրկնեմ, անվան հիշատակումը ներմուծվել է ժամանակի իրավիճակից ելնելով, այդտեղ աստվածաբանություն, դավանաբանություն որոնելն անիմաստ է, արհեստական է։ Հատկապես որ նույն քահանան իր հաջորդ Պատարագին հիշատակեց անունները, ոչինչ չզեղջեց։ Ասվում է՝ «հարկ լուծանէ զօրէնս»։ Կարիք չկար, իմաստ չուներ այդքան ուռճացնել այդ միջադեպը, պետք էր դրականը տեսնել։ Մինչդեռ բոլոր կողմերից, նաեւ հոգեւորականների, համացանցում սկսվեցին հարձակումներ, հայհոյանքներ, մեղադրականներ, որակումներ եւ այլն։ Այս մասին մի այլ հարցազրույցում բացատրել եմ, չկրկնեմ։
— Ի՞նչ զարգացումներ կարող են լինել, ի՞նչ սպասել։
— Այս իրավիճակում շատ դժվար է։ Ինձ թվում է, որ հարցն անցնցում, բոլոր կողմերի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակով լուծելու բոլոր հնարավորությունները բաց են թողնված։ Գուցե դեռ մի վերջին հնարավորություն կա ծայրահեղ քայլերի չգնալու համար, եթե վեհափառն ու վարչապետը հանդիպեն, բաց տեքստով քննարկեն առկա հարցերը, խնդիրները։ Կարծում եմ՝ այդ դեպքում լուծում կգտնվի, եւ կպահպանվեն պայմանավորվածությունները, այսպես ասած՝ կարմիր գծերը չէն խախտվի։ Բայց գուցե եւ բոլոր հնարավոր տարբերակները արդեն քննարկվել են, եւ լուծում չի գտնվել։ Չգիտեմ։
Ուրեմն կլինի հայտնի խոսքի համաձայն՝ «Խորհուրդ մարդկան, կամք Աստուծոյ»:
![]()