![]()
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը չի հասկանում, թե ինչու են իրեն և մյուս 9-ը եպիսկոպոսներին, որոնք հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տիրադավ համարում:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում նա հարցադրում է անում. «Եթե հարց ենք բարձրացրել, ուրեմն դավաճա՞ն ենք: Ի՞նչ է նշանակում տիրադավ, Աստծո՞ւն ենք ուրացել, կաթողիկոսը մեր տերն է, և ուրացե՞լ ենք»:
Վերջինս այն համոզմանն է, որ թիրախավորման այս արշավը համակարգվում է Մայր Աթոռից:
«Մենք հայ եկեղեցու կանոնակարգի դեմ որևէ սխալ բան չենք արել, ինչ արել ենք, արել ենք հանուն եկեղեցու: Հրաժարականի պահանջի մեր հայտարարությունը լավագույն տարբերակն է իրավիճակի հանգուցալուծման»,- ասում է նա:
Ըստ սրբազանի՝ եկեղեցին անհասկանալի ձևով ներքաշվել է քաղաքականության մեջ. ««Սրբազան շարժում» կոչվածի ժամանակ եկեղեցու ներսում հակասությունները ցայտուն են եղել: Մենք բարձրաձայնել ենք մեր մտահոգությունների մասին, 24 եպիսկոպոսներից 20-ը դեմ է եղել: Ես սպասում էի ամեն վայրկյան, որ Բագրատը պետք է կարգալույծ հռչակվի: Երբ եկեղեցին նույնանում է ընդդիմության հետ, դա համայնքի անդամների մեջ պառակտում է առաջացնում: Եկեղեցու գործը Աստծո խոսքի քարոզն է և հոգևոր արժեքների պահպանումը: Ինձ ինչ՝ իմ համայնքի անդամը ինչ քաղաքական հայացքներ ունի»:
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ծիծաղելի է համարում այն պնդումները, թե իր և մյուս եպիսկոպոսների նկատմամբ կոմպրոմատներ են կիրառում:
«Մենք գաղափարի շուրջ ենք հավաքվել, եթե կոմպրոմատներով լիներ, թիվը ոչ թե 10, այլ շատ ավելին կլիներ: Եկեղեցի-պետություն խնդիրը պետք է դադարի, մենք չենք կարող ընտրված իշխանությանն ասել՝ ո՛չ, ոնց չենք ասել նախկին իշխանություններին: Եկեղեցին չպետք է այնպիսի գործողությունների գնա, որը կցնցի պետականության հիմքերը»,- նկատում է նա՝ հավելելով. «Որոշ ուժեր նեղվում են, որ եկեղեցին դադարելու է օգտագործվելուց»:
Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովի հետաձգմանը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդը կարծիք է հայտնում, որ Մայր Աթոռում, հավանաբար, հասկացել են՝ ճգնաժամային իրավիճակ է հայոց եկեղեցում սկսվել, և դրա համար էլ հետաձգել են Եպիսկոպոսաց ժողովը:
Վերջինս նաև խոսել է կուսակրոնության մասին, տեսակետ հայտնել, որ այն պետք է վերանայվի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()