Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը վտանգներ պարունակո՞ւմ է Հայաստանի համար

24 ժամ մենք մեր տարածաշրջանում ունենում ենք երկրաշարժեր: Հայաստանը գտնվում է սեյսմոակտիվ գոտում, և երկրաշարժերի հաճախականությունը մեր տարածաշրջանի համար բնական է։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ Սոս Մարգարյանը՝ ընդգծելով, որ ներկայումս որևէ անոմալ ակտիվություն կամ վտանգավոր փոփոխություն չի արձանագրվել։

Նրա խոսքով՝ Հայաստանում և հարևան երկրներում օրական գրանցվում է մոտ 10–20 թույլ երկրաշարժ, որոնք մարդիկ չեն զգում, բայց սարքերը ֆիքսում են։ Այս տվյալները մշտապես վերլուծվում են մասնագետների կողմից, և այդ ցնցումներն իրենց բնույթով պարզապես արտացոլում են տարածաշրջանի բնականոն սեյսմիկ վիճակը։

Նա նաև անդրադարձավ վերջերս Վանի շրջանում գրանցված 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին, որը հասարակության շրջանում որոշ անհանգստություն էր առաջացրել։ Մարգարյանի համոզմամբ՝ նման ուժգնության ցնցումը չի համարվում ուժեղ և որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար. «Հիշեցնեմ, որ 2011 թվականին նույն տարածքում ավելի ուժեղ երկրաշարժ էր եղել։ Ամեն օջախ ունի իր էներգիայի կուտակման և պարպման բնույթը, և 4.6 մագնիտուդը միջին ուժգնության ցնցում է, որն էլ կարող է ունենալ բնական հետցնցումներ: Օրինակ Սպիտակի, ինչպես նաև 2011 թվականի Վանի երկրաշարժի հետցնցումները տևեցին մոտ 3-3,5 տարի: Իսկ 4 մագնիտուդի դեպքում հետցնցումները կարող են լինել մի քանի օրից մինչև 2 ամիս: Ամեն օջախ իր պատկերը ունի»:

Մասնագետը պարզաբանեց նաև Ջավախքում գրանցվող մի շարք երկրաշարժերի առանձնահատկությունները, որոնք, ըստ նրա, ներկայացնում են «երկրաշարժերի պարս»՝ մի երևույթ, երբ կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում միմյանց մոտ մագնիտուդով մի շարք երկրաշարժեր։ Այս դեպքում չկա մեկ ուժեղ ցնցում, որին հաջորդում են թուլացող հետցնցումներ, ուստի դրանք դիտարկվում են որպես առանձին, բայց փոխկապակցված ցնցումների շարք։ Մարգարյանի խոսքով՝ դա բնորոշ է տվյալ օջախին, քանի որ Ջավախքում գործում են ակտիվ խզվածքներ, որոնք անկախ են Հայաստանի մյուս խզվածքներից՝ Գառնու, Փամբակ–Սևան–Սյունիքի և այլն։

Խոսելով տարածաշրջանի լայն սեյսմիկ պատկերի մասին՝ Մարգարյանը նշեց, որ Թուրքիայում և Իրանում գտնվող խզվածքները ունեն ավելի մեծ պոտենցիալ, քան Հայաստանի տարածքի խզվածքները։ Թուրքիայի Անատոլիական և Արևելա-Անատոլիական խզվածքներն, ինչպես նաև Իրանում գտնվող բարձր պոտենցիալով հատվածները կարող են առաջացնել շատ ավելի ուժեղ՝ նույնիսկ «մեգա» դասի երկրաշարժեր։ Սակայն սա չի նշանակում, որ դրանք անմիջապես վտանգ են ներկայացնում Հայաստանի համար: Ցնցման տարածման ուժգնությունը կախված է նրա օջախի խորությունից, բնույթից և հեռավորությունից։ Օրինակ՝ 2011 թվականի ուժեղ Վանի երկրաշարժը Հայաստանում զգացվել էր, բայց որևէ վնաս չէր պատճառել։

Սոս Մարգարյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում արմատապես փոխվել են սեյսմակայուն շինարարության նորմերը, սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզը դրվում է սեյսմակայուն շինարարության հիմքում, ինչը թույլ է տալիս նոր կառուցապատումներին դիմակայել տարածաշրջանին բնորոշ ռիսկերին։ Խնդիրն այսօր ավելի շատ վերաբերում է խորհրդային տարիներից մնացած հին բնակֆոնդին, որը զգալիորեն մաշված է։ Սակայն սա էլ չի նշանակում, որ ուժեղ երկրաշարժի դեպքում ամբողջ Հայաստանը կարող է վնասվել, ամեն օջախ գործում է առանձին, և վնասների տարածումը կախված է տեղային պայմաններից։

Մարգարյանը վստահեցրեց՝ ներկայումս սեյսմիկ դաշտում որևէ անհանգստացնող անոմալիա չկա։ Թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը շարունակվելու են, քանի որ դրանք բնականոն երևույթ են և շատ ավելի հաճախ են լինում, քան ուժեղ ցնցումները։ «Հիմա ես ասում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, սակայան հնարավոր է մի քանի օրից լինի 3 մագնիտուդով երկրաշարժ, որը մարդիկ կզգան, եվ կասեն, որ ասում էինք անհանգստանալու կարիք չկար, բայց դա հենց այն նորմալ երևույթն է, որին պետք է սովոր լինել սեյսմոակտիվ գոտում»,— ասաց նա։

Մասնագետի փոխանցմամբ՝ Հայաստանի սեյսմիկ ծառայությունը շուրջօրյա ռեժիմով հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող ցնցումներին և մշտապես պատրաստ է արձագանքել հնարավոր զարգացումներին։ Հնարավոր և անհնար ամեն ինչով փորձում են պատրաստ լինել երկրաշարժերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ