Մայր Աթոռի բարձրաստիճան կղերականները եկեղեցին ներքաշեցին քաղաքական դաշտի մեջ՝ կաթողիկոսի օրհնությամբ. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ շարունակում է խոր մտահոգությամբ հետևել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ներս և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք, ըստ հաղորդագրության, «հուզում են յուրաքանչյուր հայու հոգին, անկախ դավանանքային պատկանելիությունից»:

«Աներկբա է, որ ներկա ճգնաժամի գլխավոր դրդապատճառը քաղաքական է և սկիզբ առավ այն պահից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։

Ավելին, ընդդիմության նախաձեռնած իշխանափոխության մի քանի ձախող փորձերից հետո, Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան կղերականներ փաստորեն վերցրեցին այդ գործընթացի առաջնորդությունը, այդպիսով եկեղեցին ներքաշելով քաղաքական պայքարի հորձանուտ:

Անշուշտ, նրանք նման քայլի մը չէին կարող դիմել առանց Էջմիածնի գահակալի անմիջական համաձայնության և օրհնության:

Այդ ընթացքում, Մայր Աթոռի մի շարք հոգևորականների մասին սկսեցին ի հայտ գալ տառատեսակ բացայայտումներ և խախտումներ, որոնք առ այսօր չեն արժանացել Մայր Աթոռի հստակ և համոզիչ հաստատումին, հերքումին կամ պատշաճ տնօրինության:

Այս ամենը մեզ մղում են մտածելու, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վարչական համակարգից ներս տիրում է նախորդ իշխանությունների գործելաոճին համահունչ իրողություն, ուր բացակա է թափանցիկ հաշուետվությունը և առկա են օրենքների շրջանցումն ու անձնական նախասիրությունների կիրառումը։ Հայ Առաքելական եկեղեցին ազգային կառույց է և որպես մեր ազգի հոգևոր պատկեր, ընդունելի չի, որ նրա երկնակամարը ծածկված լինի կասկածի ու առեղծվածի սև ամպերով:

Մենք տասնամեակներ շարունակ պայքարել ենք Մայր Աթոռի գերակայությունը պաշտպանելու համար և մեզ համար մեծ ցավ է տեսնել Եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս անհաճո զարգացումները։

Սբ. Էջմիածնի հոգևոր-վարչական կառույցը արմատական վերանայման կարիքն ունի և այդ առումով մենք ողջունում ենք տիրող իրավիճակից դուրս գալու նպատակով մի խումբ եպիսկոպոսների կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը և միանում ենք կաթողիկոսին ուղղված նրանց հորդորին։ Հայ Առաքելական Եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ