![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի՝ իր ստորագրությամբ ՌԴ-ին փոխանցված ՀՀ սեփականություն հանդիսացած գույքերը «անպետք» են եղել և ինքը գործել է ի շահ Հայաստանի:
«Մեղա մեղա…
Այսօր ՌՔ-ն փորձում է հանդես գալ պետության և ժողովրդի շահերի «պաշտպանի» դիրքերից։ Սակայն առավել քան տարօրինակ է նման հայտարարությունները լսել այն մարդու շուրթերից, որի կառավարման տարիները աղետալի հետևանքներ թողեցին Հայաստանի պետականության վրա։
Հիշեցնենք՝
- հենց նրա իշխանության օրոք Երևանի կենտրոնում խաղաղ քաղաքացիների նկատմամբ մահաբեր ուժ կիրառվեց, ինչի հետևանքով տասը հոգի զոհվեցին։
- հենց նա իրականացրեց «գույք՝ պարտքի դիմաց» սխեման, որով ՀՀ ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ փաստացի փոխանցվեցին Ռուսաստանի Դաշնությանը՝ սեփական լեգիտիմության պակասը փոխհատուցելու նպատակով։
- հենց նա էր վարում Մեղրիի հանձման բանակցությունները, վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
և հենց նրա օրոք Հայաստանը վերածվել էր օտար շահերի սպասարկուի, կախյալ և պռոքսի դեր ունեցող մի երկրի, զրկված ինքնուրույն քաղաքականությամբ հանդես գալու հնարավորությունից։
Այս ամենից հետո զարմանալի է ՌՔ-ի փորձը ներկայանալ «պետական մտածողությամբ» գործիչ։ Նրա կառավարման թողած վնասը այնքան խորքային է, որ այն գնահատելու համար նույնիսկ այսօր ընդունված չափանիշները բավարար չեն։
Համարձակությունն, անկեղծորեն, պետք է սկսվի ինքնաբացահայտումից․ ոչ թե հրապարակային մեղադրանքներից, այլ՝ հայելու առաջ սեփական անցյալի հետ առերեսվելու պատրաստակամությունից»,- գրել է Քլոյանը:
![]()