Հայաստանն ու Իրանը քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հեռանկարները

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի նախարարական մակարդակի ամենամյա, արդեն 14-րդ նիստին, հայտնում են կոմիտեից։

ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավերած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությունը սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։

Ջրային կոմիտեի նախագահն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, այդ թվում՝ ուղղված ընդհանուր ջրային անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում։

Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանային ջրային խնդիրների արդյունավետ լուծումը տեսնում է համադրված գործողությունների, փոխլրացնող փորձագիտական կարողությունների և երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ճանապարհով։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Ղալամքարյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին, ծանոթացել իրանական առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին, գնահատել դրանց հնարավոր կիրառելիությունը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից, ստեղծել կապեր՝ հետագա հնարավոր գործակցության համար։

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը ջրամբարների և էներգետիկ ենթակառուցվածքների խոշորագույն շինարարն է Իրանում։

Իրանի Էներգետիկայի նախարարության ղեկավարների հետ Ղալամքարյանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ