![]()
Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին 2025 թվականի նոյեմբեր ամսվա օդի վերաբերյալ չափման սարքերից ստացված տվյալները:
Ըստ այդմ՝ 2025 թվականի նոյեմբերին Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:
2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում:
Նաև զեկուցվեց, որ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս թեմայի շրջանակում արձանագրել է, որ եթե մի բանի մասին խոսվում է, նշանակում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները և աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն դրա մասին:
«Եթե մենք խոսել ենք օդի որակի մասին և ասել ենք, որ տերև չպիտի վառվի, չի կարող հետո պարզվել, որ տերև է վառվել: Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ՝ այստեղ խնդիր է եղել, ապա պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինչ գործողություն պիտի անի, ում պիտի նկատողություն տա, ում պիտի աշխատանքից ազատի, որովհետև վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է դա հասկանալը:
Ամեն ինչ չէ, որ մատով պետք է ցույց տրվի»,- ասաց նա:
![]()