Այս եպիսկոպոսներն իրական առաքյալներ են․ եղի ունեցողը պետք է հաղթահարվի ներսից․ Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Առաջին օրից ասել եմ՝ եկեղեցու շուրջ տեղի ունեցողը պետք է հաղթահարվի ներսից։ Ճանապարհը ծանր է, դանդաղ ու ցավոտ, բայց այլ իրական ճանապարհ չկա։ Եթե Եկեղեցին ինքն է իրեն չի մաքրում, եթե խնդիրները ներսից չեն բարձրացվում, բարձրաձայնվում և կարգավորվում, ապա դրսից ցանկացած հարված ի վերջո խոցում է ժողովրդի հավատն ու սասանում հոգևոր անվտանգությունը։

Ամիսներ շարունակ դեմ եմ եղել Վեհարանի դեմ ուղղված ցանկացած արտաքին քաղաքական կամ իրավական հարձակման։ Երբ թիրախ է դառնում Վեհարանը՝ որպես ինստիտուտ, սա այլևս կոնկրետ կաթողիկոսի մասին չէ կամ Լուսավորչի գահի, կաթողիկոսի աթոռի։ Դա հարված է մեր Եկեղեցուն՝ այն հիմքին, որի վրա դարերով պահպանվել են մեր ինքնությունը, լեզուն ու հիշողությունը և ժառանգությունը։ Նման հարձակումը նշանակում է մարդկանց թողնել առանց հոգևոր և բարոյական հենարանի։

Այս եպիսկոպոսներն իրական առաքյալներ են․ նրանք առաջինը գիտակցեցին ամենակարևորը՝ այսպես շարունակել չի կարելի։ Նրանցից շատերը մեղավոր են, և մեզանից շատերը լավ հիշում են նրանց առնչվող ծանր մեղքերն ու քայլերը։ Բայց տարբերությունն այստեղ է․ այս եպիսկոպոսները ասում են՝ «այո, մենք մեղավոր ենք, բայց այսպես այլևս չի կարելի շարունակել», մինչդեռ մյուսներն, իրենց մեղավոր լինելը գիտակցելով, ընտրել են իրենց մեղքերի հետ միասին Եկեղեցին, պետությունն ու ժողովրդին տանել կործանման։

Այս եպիսկոպոսների առաքելությունն ունի երկու հորիզոն՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Ճգնաժամի հաղթահարումից հետո նրանց առաջին պարտականությունը խորքային ինքնաքննությունն է՝ ազնիվ պատասխան տալու, թե որ սխալներն ու բացթողումներն են հասցրել եկեղեցին այս վիճակին։

Դրանից բխում են նրանց հաջորդ անելիքները՝ կանոնական հստակ լուծումներ առաջարկել, խստացնել պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմները, վերականգնել Եկեղեցու թափանցիկությունն ու բարոյական հեղինակությունը և վերջ տալ եկեղեցական իշխանության քաղաքական շահարկմանը։ Այս ամենի առանցքը մեկ բան է՝ փոփոխությունը պետք է սկսվի իրենցից՝ անձնական ապաշխարությամբ, օրինակելի վարքով և ժողովրդի հանդեպ պատասխանատվության բարձր չափանիշով։

Եթե ուզում ենք, որ վաղը Հայաստանում լինի առողջ պետություն, մեզ պետք է նաև առողջ եկեղեցական իշխանություն․ վստահելի եպիսկոպոսներ, ովքեր կհասկանան, որ իրենց առաքելությունը ոչ թե իշխանությունը պահելը կամ քաղաքական հաշվարկներում դեր խաղալն է, այլ հավատքի, արդարության և ազատության ծառայությունը։ Մնացած ամեն ինչ կամ կկառուցի այդ առաքելությունը, կամ կփլվի նրա տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ