![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի հոգևորակաների վերջին հայտարարությանը:
«Ինչպես արդեն գիտենք, վաղը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցելու է սուրբ և անմահ պատարագի…
պատարագին մասնակցելու եմ նաև ես`ընտանիքիս հետ միասին, ինչպես նաև վստահ եմ՝ շատ ու շատ հավատացյալ, քրիստոնեկան արժեքներ կրող քաղաքացիներ ևս ներկա են լինելու պատարագին։ Բայց արի ու տես, ի հակադարձում սուրբ և անմահ պատարագի, Շիրակի թեմը հայտարարություն է տարածել, որը ծայրից ծայր հակաքրիստոնեական է, բայց հայտարարությունն եզրափակող նախադասությունը, ոչ միայն հակաեկեղեցական է, այլ նաև հակապետական. մեջբերում`«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա էլ կհաղթահարի պատվով»։
Հետևելով մեր կուսակցության էթիկայի կանոնագրքի պահանջներին` համարժեք պատասխան տալ չեմ կարող, միայն մի հռետորական հարց կհնչեցնեմ` դուք իրոք Աստծուց չե՞ք վախենում, չնայած Աստծուց վախենալու համար, նախ պետք է ընդունեք, որ Աստված կա։ Անամոթնե՜ր…», գրել է Պալյանը։
Նշենք, որ Շիրակի թեմը իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ պատարագ են մատուցելու՝ հիշատակելով կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները:
Այդ հայտարարության մեջ նաև ասվում է.
«Եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»:
![]()