![]()
Դեկտեմբերի 5-ին ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր հրուշակագործության դասընթացը, որն իրականացվում է Լակի հրուշակագործության ակադեմիայի հետ համատեղ։ Նախագիծը միտված է օգնելու կանանց ստանալ գործնական հմտություններ և իրական հնարավորություն՝ զարգացնելու իրենց ստեղծագործական հմտություններն այս ոլորտում։
Այս մասին հայտնում է հիմնադրամը:
«Loft-ում հյուրընկալվել էին շուրջ 40 կին Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր հասցրել էին առաջինը լրացնել մեր հայտադիմումը։ Նրանցից յուրաքանչյուրի պատմությունը յուրահատուկ է, մոտիվացնող ու արժանի ուշադրության։ Մենք առաջիկայում կպատմենք նրանց մասին՝ կիսվելով Ձեզ հետ իրենց անցած ճանապարհով։
Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ողջունելով մասնակիցներին, նշեց․
«Այսօրվա հանդիպման «մեղավորը» մեր շահառուներից տիկին Արմինեն է, ով վերջերս դիմել էր հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանին հրուշակագործության դասընթացի մասնակցելու խնդրանքով: Տեսնելով նրա ոգևորությունը, պատրաստակամությունն ու սերը հրուշակագործության նկատմամբ` մենք փնտրում էինք դասընթաց, որը կհամապատասխաներ մեր ժամանակների պահանջներին և կզիներ անհրաժեշտ բոլոր գիտելիքներով: Այսպիսով մեր և Լակի օնլայն ակադեմիայի ճանապարհները շատ արագ խաչվեցին և մենք այսօր արդեն ունենք 250 դիմորդ, որոնցից յուրաքանչյուրն էլ փուլ առ փուլ կդառնա այս ծրագրի շահառու: Մենք արել ենք ամեն հնարավորը, որպեսզի դուք ստանաք արդի, պրակտիկ գիտելիք և կարողանաք այն կիրառել ձեր ընտանիքների ու համայնքների զարգացման համար։ Լակի ակադեմիայի թիմի հետ մենք հետևողական կլինենք, որպեսզի պատշաճ կատարեք առաջադրանքներն ու դառնաք հմուտ վարպետներ ձեր գործում։ Փորձեք առավելագույնը քաղել այս հնարավորությունից։ Ձեզ բարի երթ»։
Հիշեցնենք, որ դասընթացն ընդգրկում է 81 օնլայն տեսադաս, միջանկյալ օֆլայն վարպետաց դաս Լիկայի հետ, տնային առաջադրանքներ, Telegram կրթական հարթակ՝ մասնակիցների, Լիկայի և հիմնադրամի աշխատակցի հետ կապի և քննարկումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()