![]()
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հեղինակել են հոգևորականները՝ եպիսկոպոսաց դասից կային ներկայացուցիչներ, վարդապետներ, քահանաներ. նպատակը եկեղեցու բարեկարգումն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շարժման անդամ Կարեն Պետրոսյանն է մանրամասնում. եկեղեցում, մասնավորապես Մայր Աթոռի բարձրաստիճան որոշ հագևորականների մոտ արատավոր երևույթներ կային:
«Երբ ասում ենք բարեկարգում, դա վերաբերում է մի քանի բարձրաստիճան հոգևորականի, որոնք ըստ էության, շեղվել էին իրենց առաքելությունից: Քանի որ մենք կարծում էինք, որ հեղափոխությամբ ձևավորվում էր նոր Հայաստան, ուրեմն այդ իրողությունը պետք է տարածվեր նաև հոգևոր իրողության վրա:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը մեծապես ներքին հոգևոր ընդվզում էր
«Եվ շատ եպիսկոպոսներ ընդվզեցին այդ արատավոր երևույթների, առկա խնդիրների դեմ, ձայն բարձրացվեց եկեղեցվո ներսում, որ կան շատ անառողջ, արատավոր երևույթներ:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը բավական մեծ ազդակ եղավ, բայց քանի որ հետագայում տարբեր կոմպրոմատների միջոցով, ինչն այսօր արդեն առավել քան նկատելի է, Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգևորականներ փորձում են կոմպրոմատներով խոսել իրենց հոգևոր եղբայրների հետ, և հենց այդ կոմպրոմատների միջոցով ճնշվեց նախաձեռնությունը:
Որոշակի լայն շրջանակների կողմից, այդ թվում քաղաքական ու հասարակական մեծ աջակցություն չգտնելու պարագայում, նաև հոգևորականների ավելի իներտ մնալու պատճառով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը որոշեց առժամանակ դադարեցնել ակտիվ գործունեությունը՝ մնալով այն օրակարգում, որ մեր եկեղեցում, հատկապես բարձրաստիճան հոգևորականության մոտ պետք է լուրջ բարեփոխումներ լինեն: Դրանք մենք տեսնում ենք, ոչ միայն անձանցով, այլ նաև ամբողջ համակարգի փոփոխությամբ՝ ծխական խորհուրդների ձևավորում, ազգային-եկեղեցական ժողովի այնպիսի պատվիրակներ, ովքեր ներշնչված կլինեն սուրբ հոգով, իսկ երբ այդ ժողովներին գնում են մարդիկ, որոնք հայ եկեղեցու, քրիստոնեության հետ կապ չունեն, անընդունելի է:
Այս փոփոխություններն էին, որ մենք դարձրինք հանրային, եկեղեցական կամ ներեկեղեցական օրակարգ: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը ներքին հոգևոր ընդվզում էր բարձրաստիճան հոգևորականների՝ եպիսկոպոսների և այլ հոգևորականների կողմից ձեռնարկված»,- շարժման նպատակը ներկայացրեց Պետրոսյանը:
Հայր Կորյունն առաջին բարձրաձայնողն էր, իմ խոստովանահայրն է. ինչպես Պետրոսյանը դարձավ շարժման անդամ
Կարեն Պետրոսյանը շարժման անդամ է դարձել իր կամքով ու որոշմամբ, կիսել և շարունակում է ճիշտ համարել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գաղափարախոսությունն ու առաքելությունը: Պետրոսյանն ասում է՝ 2018-ին վստահ է կանգնել Սուրբ Գայանե վանքի վանահայր, իր խոստովանահայր հայր Կորյունի կողքին:
«Առաջին բարձրաձայնողը հայր Կորյունն էր, ով այդ ժամանակ հանդիսանում էր Սուրբ Գայանե վանքի վանահայրը: Շատ միաբաններ շատ մեծ ջանքեր են գործադրում Մայր Աթոռում, որ Գայանե վանքի վանահայր դառնան, որովհետև այս վանքը հայտնի է նաև իր ծիսական առատ օրակարգով և շատերի համար դա նյութական որոշակի բարեկեցություն է:
Ունենալով նման կարգավիճակ, բայց անհանդուրժող լինելով արատավոր երևույթների նկատմամբ, ընդվզողներից մեկը նաև հայր Կորյունն է, ով նաև իմ խոստովանահայրն է: Եվ, երբ որ քո խոստովանահայրը, քո հոգևոր հայրը մտնում է որևէ հոգևոր պայքարի մեջ, խոստովանազավակը, լինելով նաև որոշակի հոգևոր ընկալում և պատասխանատվություն ունեցող մարդ, չի կարող իներտ մնալ և չլինել իր խոստովանահոր կողքին»:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն ակտիվ և մնայուն է, քանի դեռ օրակարգը սպառված չէ
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման օրակարգը բարձրաստիճան հոգևոր դասի վերափոխումն է, վերանորոգությունը կամ փոփոխությունն է:
«Եվ այո, մենք կարծում էինք, հիմա էլ վստահ ենք, որ ցանկացած ուխտադրույժ հոգևորական պետք է պատասխանատվության ենթարկվի: Եվ այդ պատասխանատվության շրջանակը պետք է որոշի եկեղեցին: Կան հանգամանքեր, որտեղ պետք է ուխտադրույժ հոգևորականի ծառայությունը լինի անընդունելի:
Մենք չենք ասում, թե այդպիսիք պետք է ամբողջությամբ դուրս դրվեն եկեղեցուց: Տերը ինքը ասում է՝ հունձքը շատ է, մշակները՝ քիչ: Արդ խնդրեք հունձքի տիրոջը մշակներ հանի հունձքի համար: Այսինքն, ըստ էության մենք այնքան մեծ քանակի հոգևորականներ չունենք, որ ամեն սխալվողի դուրս դնենք եկեղեցուց:
Չնայած ինչպես տեսնում ենք Մայր Աթոռում Վեհափառի կամ դիվանապետի թեթև ձեռքով ամեն օր լսում ենք կարգալուծությունների մասին ոչ միայն այս ակտիվ շրջանում, այլ բոլոր այն ժամանակահտվածներում, երբ իրենց դեմ են դուրս եկել»,- ասում է Պետրոսյանը:
Մանրամասնելով՝ բոլոր սխալվողներին չպետք է եկեղեցուց դուրս դնել միտքը, Կարեն Պետրոսյանն ընդգծում է՝ սա չի վերաբերվում սրբապղծություններին, որոնց մասին վերջերս բարձրաձայնվեց: Իսկ նրանք, որոնք սրբապղծություն չեն արել, պետք է զղջան, մնան իրենց կարգի մեջ՝ առանց եկեղեցում կարևորագույն պաշտոններ, դիրքեր զբաղեցնելու իրավունքի:
«Չեն կարող լինել կաթողիկոս, դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, որովհետև այն մարմինները, որոնք պահանջում են անարատ հոգևորականություն, պետք է լինեն անարատ հոգևորականներինը, որ իրենց առաջնորդությունն էլ լեցուն լինի աստվածային շնորհներով: Հենց այս իմաստով, քանի դեռ խնդիրը Հայ առաքելական եկեղեցում լուծված չէ, շարժումը չի կարող լինել դադարեցված: Այն կլինի դադարած միայն այն ժամանակ, երբ կվերանա խնդիրը, քանի որ այն առանձին միավոր չէ, և կիմաստազրկվի, երբ ամեն ինչ կանոնակարգվի եկեղեցում և եկեղեցին առաջնորդեն այնպիսի մարդիկ, որոնք լեցուն են աստվածային շնորհներով»,- ասաց Կարեն Պետրոսյանը:
Որևէ աշխարհական պատարագ կազմակերպել չի կարող, նման խոսակցությունները ծիծաղելի են
Պետրոսյանը պնդում է՝ խոսակցությունները, թե ինքը Գյումրոիւմ պատարագ է կազմակերպում, կամ համակարգում, ծիծաղելի են: Որևէ աշխարհական, ըստ նրա, պատարագ կազմակերպել չի կարող, պատարագը կազմակերպում է եկեղեցին հոգևորականների միջոցով: Իսկ այն շահարկումները՝ թե ինչ-որ մեկը պատարագ է կազմակերպում՝ հերյուրանք է:
«Երկրորդ գլխավոր հերյուրանքը կամ անհասկանալիությունն այն է, որ այս թեմայով խառնվել են մարդիկ, ովքեր իրենց հոգևոր կերպով, նկարագրով ու բնութագրով ընդհանրապես դուրս են հայ եկեղեցուց և իրենց մտածումներով ու վարքով այդ մարդիկ քրիստոնեության հետ էնքան էլ կապ չունեն: Եվ այս պարագայում նրանց քաղաքական դիվիդենտներ են փորձում վաստակել՝ թիրախավորելով անձանց, քահանաներին և հանգամանքները»,- նկատեց Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է առաջիկա կիրակի օրը վարչապետի՝ Գյումրիում պատարագի մասնակցելու հայտարարությանը, յուրաքանչյուր քրիստոնիայի համար պետք է ուրախալի լինի, որ երկրի առաջին դեմքերը մասնակցում են հոգևոր իրադարձությանը:
«Երբ որ վարչապետը գնում է պատարագի, տասնյակ հարյուրավոր մարդիկ, այդ թվում իշխանության տարբեր թևեր ներկայացնող անձինք ևս գնում են: Այդ պատարագի ժամանակ ամեն մեկը մի հոգևոր անդրադարձ ունենում է: Կապ չունի՝ ինչի համար է գնացել: Մեկը գնացել է պաշտոնը պահելու համար, մեկը գնացել է վարչապետին հաճոյանալու, մեկն էլ Աստծո հետ իրոք երկխոսելու և հաղորդության մեջ լինելու համար: Եկեղեցին այն կառույցն է, որտեղ սուրբ հոգու ներշնչումով և աստվածային ներկայությամբ մարդկանց կյանքեր են փոխվում: Հիմա, եթե դու քրիստոնյա ես և տեսնում ես, որ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվում է պատարագի գնալը՝ արդյո՞ք ուրախալի հանգամանք չէ»:
Ինչ կապ ունի Պետրոսյանը վարչապետի մասնակցությամբ պատարագի և տեր Ռուբենի հայտարարության հետ
Գյումրիում համառ ու հաստատուն շահարկումներ կան, որ պատարագի կազմակերպման քահանայի որոնումը հանձնարարվել է հենց Կարեն Պետրոսյանին, նա էլ գտել է տեր Ռուբենին, ով համաձայնել է պատարագել: Ըստ այդ նույն լուրեի, Պետրոսյանն իբր խնդրել է զեղջել կաթողիկոսի անունը:
Կարեն Պետրոսյանը նման խոսակցությունները որակում է սուտ, իսկ այն, որ հանդիպել է տեր Ռուբենի հետ, արտասովոր բան չէ, տարբեր քահանաների հետ հաճախ է հանդիպումներ ունենում:
«Կիրակի օրվա մասով քահանայի հետ հանդիպման տրաբանությունը բացառապես եղել է ճշտելը, թե ով է սուրբ Հակոբ եկեղեցու կիրակի օրվա պատարագիչը: Ես վստահ պնդում եմ՝ Վեհափառի անունը չհնչեցնելու մասին իմ կողմից խնդրանք, առավելևս պահանջ չի եղել: Դա քահանայի բացառիկ իրավունքն է, իր ներքին համոզումը: Ոչ անունը տալով է վեհափառը սրբանում, ոչ էլ չտալով՝ մեղավոր դառնում:
Ըստ էության, պատարագի ժամանակ Վեհափառի անունը պետք է լինի յուրաքանչյուր հավատացյալի շուրթերին: Եթե դա չկա՝ հենց սա պետք է Վեհափառին խորհելու տեղիք տա, ոչ թե իր անունը կարդացվեց, թե չէ: Իրա անունը թող կարդացվի Աստծո գրքում:
Ինձ համար Վեհափառի անունը կարդացվեց թե չէ, մի մեծ դարակազմիկ իրադարձություն չէ: Ես արդեն 8 տարի մասնակցում եմ հարյուրավոր պատարագների, որի ընթացքում մշտապես ընթերցվել է Վեհափառի անունը և դա որևէ կերպ իմ հոգևոր ընկալմանն ու զգացմունքներին չի էլ խանգարել: Այսինքն, ես անձնապես շահագրգռվածություն չունեմ այդ հարցում, որ քահանային էլ հորդորեմ անունը չկարդա»,- ասաց Պետրոսյանը:
Ինչ են զրուցել Տեր Ռուբենի հետ՝ Պետրոսյանը չմանրամասնեց, ասաց երկուսով են եղել և իրավունք չունի առանց քահանայի գիտության իրենց անձնական զույցը հանրայնացնել, միակ բանը որ պետք էր ու ասաց՝ կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումների շուրջ սխալ խոսակցությունները հերքելն էր:
«Այո, ես քահանայի հետ հանդիպել եմ: Այո, մենք որոշակի հարցերի շուրջ խոսել ենք և ես շատ շեշտադրված հերքում եմ, թե իմ կողմից որևէ պահանջ, առվելևս անվան զեղջման վերաբերյալ եղել է: Նման բան մեր խոսակցության ժամանակ չի եղել»:
Ցածր կարգ ունեցող հոգևորականները սկսեցին հրապարակավ քննադատել եպիսկոպոսներին. ձեզ սովորեցնողները չեն ասո՞ւմ, որ նման իրավունք չունեք
Կարեն Պետրոսյանը վստահ է՝ եկեղեցու առողջությունը Աստծո խոսքի պահպանությունն է ներքին միջավայրում: Սա ևս այսօր վտանգված է:
«10 օծյալ եպիսկոպոս ունեցավ մոտեցում: Հիմա Մայր Աթոռի բարձրաստիճան որոշ հոգևորականների թելադրանքով շատ ցածր կարգ ունեցող հոգևորականները՝ սարկավագներ, քահանաներ, սկսեցին հրապարակավ քննադատել եպիսկոպոսներին, իսկ դրա իրավունքը ունե՞իք ի հոգևորս, ձեզ սովորեցնողները չեն ասո՞ւմ, որ նման իրավունք չունեք: Ուրեմն բոլորդ էլ արժան եք կարգալուծության:
Առավելևս, երբ առաջիկայում պետք է լինի եպիսկոպոսաց ժողով, մինչ այդ դուք՝ աբեղաներ, սարկավագնոր, քահանաներ, հանդգնում եք եպիսկոպոսներին ամենավերջին արտահայտություններով թիրախավորել, գնահատական տալ և դատել:
Դա՞ է մեր առողջ եկեղեցին:
Մենք գիտենք, որ դիվանապետը տարիներ շարունակ ֆեյքերի բանակով ուղիղ ազդեցությամբ հանրային որոշակի թիրախավորման է ենթարկել այն բոլոր քահանաներին և այլ մարդկանց, ովքեր իրենց ապօրինությունները, վարքուբարքը քննադատել են: Փորձել են շանտաժի, կոմպրոմատների միջոցով, ֆեյքերի և հանրային ճնշման միջոցով լռեցնել: Բայց Աստծո ողորմությունն անսպառ է և Աստծո արդարությունն է անսպառ: Եվ ես վստահ եմ, որ շատ մոտ ժամանակում այս հարցն ամբողջական լուծում կստանա»,- զրուցը եզրափակում է Կարեն Պետրոսյանը:
![]()