![]()
Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցում տեղի ունեցած միջադեպով ՆԳ նախարարը ուսումնական հաստատության աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ սա այս տարվա ընթացքում նմանատիպ 7-րդ միջնորդագիրն է։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուսումնական հաստատության աշխատակիցները տեղյակ են եղել միջադեպի մասին, սակայն տեղյակ չեն պահել ՆԳՆ ոստիկանությանը:
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ շաբաթ ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում 4-5 դեռահասներ բռնություն են կիրառում մի պատանու նկատմամբ, ստորացնում նրան, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում:
Ըստ տեղեկությունների՝ բռնության ենթարկող տղաները Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ բռնության ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի քոլեջներից մեկի սան:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ծեծի հեղինակ տղաներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։
Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են, ավելի վաղ նրանցից 4-ը 20 օր կալանքի մեջ է եղել, ևս մեկը՝ տնային կալանքի:
![]()