![]()
Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել՝ կապված «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ ավելի վաղ արված գրառման մեկնաբանությունների և դրան հետևած ահազանգերի հետ:
««88» սուպերմարկետների ցանցի հետ իմ որևէ առնչության բացակայության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ՝ դրանցում գործող բիզնեսները փակելով։
Նման բովանդակությամբ պնդումներ կան նաև իմ վերոհիշյալ գրառման մեկնաբանություններում։
Նման արարքները հաստատվելու դեպքում քրեական պատասխանատվություն են ենթադրում։
Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն, և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։
Բոլոր այն գործարարներին, որոնք տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և միևնույն ժամանակ դիմել իրավապահ մարմիններին։
Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։
Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես շարքային սպառող։
«Առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե՛ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձևով կապում են իմ անունը այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզաբանեն իրենց հարցերը, իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ կոնկրետ»,- մասնավորապես գրել էր Հակոբյանը։
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:

![]()