«Հոկտեմբերի 27»-ի արյունը հանգիստ չի տալիս. եկեղեցին կառավարվում է այլ տեղից. արքեպիսկոպոս Միրզախանյան

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսը իր գործունեությամբ վտանգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և բարձր հոգևոր դասը չի կարող սա տեսնել ու լռել:

«2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց մի շարժում՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ», վարչապետը կասեցրեց այն, որպեսզի պառակտում չլինի: Այդպես էլ եղավ: Բայց Էջմիածնում չեղան բարեփոխումներ: Գլխավոր հարցն այն է, որ կուսակրոնության խնդիրը ամեն անգամ մի նոր բարդություն և դժվարություններ է առաջացնում եկեղեցում»,- ասում է նա:

Սրբազան հոր խոսքով՝ պատերազմի ժամանակ Մայր Աթոռը պետությանը միայնակ թողեց, նույնիսկ պահանջեց վարչապետի հրաժարականը. «Ընտրություններին էլ դիրքորոշվեց մի թեկնածուի շուրջ, այնինչ բոլորը Մայր Աթոռի զավակներն են: Շատ կոպիտ էին խոսում պետական գործիչների մասին: Տարբեր քաղաքական ուժերի միտինգների հոգևորականների ներկայությունն էին ապահովում, ճիշտ կլիներ, որ հոգևորականներին ուղարկեին 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ, որ ընդհարում չլիներ»:

Հարցադրմանը՝ ինչու եկեղեցին լռեց «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ, վերջինս ասում է. «Երևի դժվարություն ունեին հակառակվելու այդ օրվա իշխանությանը, դրա համար էլ մեղմ արձագանքեցին: Խտրական մոտեցումը մեզ անհանգստացնում է, այսօր անգամ գերիների համար աղոթք չի արվում: Հիսուսը ոչ թե հարուստների մոտ գնաց, այլ հասարակ ժողովրդի: Ժողովուրդը մեր կարիքն ունի, մենք մեր տեղում չենք: Մենք՝ տասը եպիսկոպոսներս, նիկոլական չենք, մենք հայ ազգի եպիսկոպոսներն ենք»:

Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի և Գարեգին Բ-ի ընտրության կապին, բարձր դասի հոգևորականն ասում է. ««Հոկտեմբերի 27»-ի արյունը մեզ հանգիստ չի տալիս. Գարեգին 2-րդի և մեր ժողովրդի միջև այդպես էլ կապ չհաստատվեց»:

Ըստ արքեպիսկոպոսի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորությամբ շարժում սկսելուն 24 եպիսկոպոսից 20-ը դեմ է արտահայտվել. «Եկեղեցին ամբողջությամբ ներքաշվեց քաղաքականության մեջ, մեր՝ հոգևորականներիս, համբերության բաժակը լցվեց: Արշակ սրբազանի հարցով դիմեցինք կաթողիկոսին, ոչ մի արդյունք չստացանք, և մեր ճիչը եղավ»:

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն դեմ է եղել, որ արքեպիսկոպոսները հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սրբազանը զրպարտանքներ է համարում այն խոսակցությունները, թե իրենք կոմպրոմատների միջոցով են հանդիպել երկրի ղեկավարի հետ. «Մենք ոչինչ պարտադրանքով չենք անում»:

Անդրադառնալով նրան, որ որոշ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ հավատարմություն են հայտնել Գարեգին Բ-ին, սրբազանն ասում է. «Անունները, որ գրված են այդ հայտարարության տակ, նրանցից ոմանք այլ կարծիք ունեն: Հայ եկեղեցին Հայաստանում վերածվել է խորքային պետության, որը որոշ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել: Եկեղեցին կառավարում են այլ տեղերից, միանձնյա են որոշումները կայացվում»:

Սրբազան հայրն ասում է, որ մասնակցելու են առաջիկայում սպասվող Եպիսկոպոսաց ժողովին՝ միաժամանակ նկատելով. «Այն չի կարող համարվել լեգիտիմ, եթե ամբողջական եպիսկոպոսաց դասը ներկա չլինի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ