![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի ձերբակալությանն ու հարուցված հանրային քրեական հետապնդմանը՝ մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում:
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ ընթացող քրեական գործը լուրջ փորձություն է պետության, եկեղեցու և հասարակական վստահության համար։ Մեղադրանքը վերաբերում է այն պնդմանը, թե 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց է տեղադրվել։
Սա այլևս միայն մեկ մարդու մասին պատմություն չէ, այլ հարցադրում՝ ինչպիսի գործելաձև է տարիներ շարունակ ձևավորվել փակ միջավայրերում։
Այս իրավիճակում պետական մարմինների պատասխանատվությունն առավել մեծ է։ Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր են գործել այնպիսի բաց, հասկանալի և բարձր մակարդակով, որ հասարակության համար կասկածի տեղ չմնա՝ ո՛չ մեղադրանքի հիմքերի, ո՛չ փաստերի, ո՛չ էլ ընդունվող որոշումների նկատմամբ։
Միևնույն ժամանակ անսակարկելի է մի սկզբունք․ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ։ Հենց այդ պատճառով է, որ նախաքննությունն ու հետագա դատական ընթացքը պետք է լինեն փաստարկված, հիմնավոր և հանրության համար հնարավորինս տեսանելի։
Եթե ուզում ենք վստահելի պետություն և հարգված դատարան, նման գործերը չպետք է կորչեն կուլիսներում․ դրանք պետք է դառնան օրենքի գերակայության, ոչ թե ընտրովի արդարադատության փորձաքար»,- գրել է Բաբաջանյանը։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):
Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
![]()