![]()
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննվող վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նոր անձանց նկատմամբ։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը «Միկշին» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանն է՝ Միհրան Պողոսյանի ազգականը: Նա, սակայն, ձերբակալված չէ:
Հիշեցնենք՝ «ԴԱՀԿ-ի Միհրան», «Քեթրինի «Միհրան» անուններով հայտնի Միհրան Պողոսյանը երկիրը լքել է հեղափոխությունից հետո ու ըստ տեղեկությունների՝ հաստատվել Մոսկվայում, լքել է նաև Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ն, հիմնել սեփական կուսակցությունը՝ «Հայոց համազգային միասնություն»-ը:
Միհրան Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
![]()