Եկեղեցական կարգերի տապալում, ընտրողաբար մոտեցում. ովքեր չեն հրավիրվել սպասվող Եպիսկոպոսաց ժողովին

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ օրերս համացանցում լուր է հայտնվել, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) իրեն դեռևս «հավատարիմ» եպիսկոպոսներից մեկ-երկուսի միջոցով փորձում է բոլոր եպիսկոպոսներին մի նոր, այսպես ասած, «ղազագիր» ստորագրել տալ, որի մեջ եպիսկոպոսներն ընդունում են իր կաթողիկոս լինելու հանգամանքը, արձանագրում, որ եկեղեցում որոշ խնդիրներ կան և որդիական խոնարհությամբ խնդրում են, որ առաջիկայում Եպիսկոպոսական ժողով հրավիրվի։

Միաժամանակ նշվում է, որ Մայր Աթոռի դիվանապետ Սամվել (Արշակ) Խաչատրյանի մամուլի ասուլիսից հետո հայտնվել է լուր, ըստ որի՝ դեկտեմբեր 10-12 Մայր Աթոռում հրավիրվում է Եպիսկոպոսական ժողով՝ «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների»։

Լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ նոյեմբեր 4-7-ին գումարված ԳՀԽ ժողովից հետո տարածած հաղորդագրության մեջ ոչ մի ակնարկ չի արվել դեկտեմբերին եպիսկոպոսական հնարավոր ժողովի մասին։ Միաժամանակ հիշատակվում է այն, որ կալանավայրից Եպիսկոպոսական ժողով հրավիրելու կոչ են հղել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դատապարտված Գևորգ (Միքայել) Աջապահյանը և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար կալանավորված Վազգեն (Բագրատ) Գալստանյանը։

Ըստ հրապարակումների՝ օրերս Եպիսկոպոսաց ժողովի մասնակցելու հրավերները ուղարկել է բոլոր պաշտոնավարող եպիսկոպոսներին։

Միաժամանակ ընդգծվում է այն, որ եկեղեցական ժողովների կարգի համաձայն՝ Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու իրավունք ունեն Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներն անխտիր։

«Կտրիճ Ներսիսյանը պարտավոր է հրավերներ ուղարկել և խոնարհաբար խնդրել բոլոր եպիսկոպոսներին առաջիկա ժողովին մասնակցել։ Փաստորեն նա ընտրել է եկեղեցական կարգերը մինչև վերջ ոտնահարելու ճանապարհը՝ լավ հասկանալով, որ եթե նույնիսկ մինչև ժողովի գումարման օրն ինքը դեռևս չլքի Մայր Աթոռը, միևնույն է, այդ ժողովը կլինի նրա անփառունակ և խայտառակ վախճանը»,- ասվում է հրապարակումներում:

Ըստ տեղեկությունների՝ հրավեր չեն ստացել հանգստի կոչված հետևյալ սրբազանները՝

Ոսկան արք. Գալփաքյան,
Ավագ արք. Ասատուրյան,
Պարգև արք. Մարտիրոսյան,
Նորվան արք. Զաքարյան,
Վիգեն արք. Այքազյան,
Փառեն արք. Ավետիքյան,
Արարատ եպս. Գալթակչյան,
Հայկազուն եպս. Նաջարյան։
Նշվում է, որ հրավերների ընտրողական ձևաչափը կարող է ազդել ժողովի կազմի և ընթացքի վրա։

«Եթե եպիսկոպոսաց ժողով, ապա ավանդույթի ու կանոնի պահանջով այն պետք է ներառի բոլոր եպիսկոպոսներին՝ գործող և հանգստի կոչված։ Իսկ հանգստի կոչվածներին չի հրավիրել Կտրիճ Ներսիսյանը պարզ պատճառով. նրանք պաշտոն չունեն։ Եթե մյուսներին կարող է վախեցնել պաշտոնազուրկ անելու սպառնալիքով, ապա վերջիններս ազատված են այդ վախից։ Եվ նրանցից շատերը տարիներով հրապարակային պայքարում են Կտրիճ Ներսիսյանի դեմ, օրինակ` Ոսկան, Նորվան, Վիգեն արքեպիսկոպոսները»,- եզրափակվում է հրապարակումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ