![]()
«Պետք է դադարենք խոսել նախկինների մասին, խոսելու բան էլ չկա։ Ի՞նչ չենք ասել։ ԼՂ հարցի փաթեթն էլ որ հրապարակել ենք, այն մասին է, որ խոսելու բան այլևս չկա»։
Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին:
«Ինչ հարց էլ տան, բացառված է, որ ընդհանրապես որևէ նյուանսի վերաբերյալ վերջին հինգ տարվա ընթացքում մանրամասն խոսացած չլինեմ: Փաթեթի հրապարակումն իմ դիտանկյունից ընդամենը նրա համար է, որ ես ասեմ՝ ա՛յ որ ասում էի, դա այս տողում է, մյուսը այն տողում է, չորրորդը այն տողում է, հինգերորդը՝ այն»,- նշեց Փաշինյանը։
Նա ավելացրեց. «Բազմաթիվ, տասնյակ հազարավոր շատ կարևոր հարցեր կան, բայց գերկարևոր հարցը, հարցերի հարցը պետությունն է և նրա շահը: Մենք գերկենտրոնացած ենք պետության և նրա շահի վրա, ՀՀ-ի և նրա շահի վրա:
Մենք գալիս ենք, ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նախկին, էս, էս, ու արդեն բան չի մնացել, որ ասենք: Ու խնդիրն այն է՝ ի՞նչը չենք ասում: Մենք չենք կենտրոնանում այն հարցի վրա, որ մենք այս տարի էլ 500 կմ ճանապարհ կառուցեցինք, էս ընթացքում հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ ենք կառուցել, դպրոցներ ենք կառուցել, կրթության ոլորտում խոր բարեփոխումներ ենք արել, մանկապարտեզներ ենք կառուցել»:
Փաշինյանը ընդգծեց, որ եթե 2021 թվականին ընտրություններին խորհրդարանական ընդդիմությունը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով, և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից և մրցակցություն համարել, իրենք շատ վաղուց էլ մրցակից չեն: «Այսինքն՝ անընդհատ հոգեդարձությա՞մբ զբաղվենք: Մենք բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունենք, որը չենք ասում միայն այն պատճառով, որ ստիպված ենք ապացուցել ակնհայտը և այն, ինչ ապացուցված է»,- նշեց վարչապետը:
![]()