![]()
AntiCor կոչվող հարթակը գրել է, թե փաստաբանները բարձրաձայնում են մի սխեմայի մասին, երբ պատկան մարմինները գաղտնալսումներն իրականացնում են առանց որևէ իրավական հիմքի և հետին թվով։
Հրապարակման մեջ ասվում է, թե արդեն տևական ժամանակ է՝ քաղաքական իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների ամբողջությամբ անօրինական մեխանիզմ, որը կիրառվում է հատկապես ընդդիմադիր գործիչների, անհնազանդ պաշտոնյաների և իշխանությանը անհարմար քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:
ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքել է նման սխեմայի գոյությունը: Խոսնակի խոսքով՝ անհնար է լրացուցիչ մեկնաբանել մի բան, որը զուրկ է փաստերից, հիմնված է որոշակիություն չունեցող աղբյուրների վրա և դատարանների վերաբերյալ մշուշոտ ձևակերպումներ է պարունակում։
![]()