![]()
«Այս տարի հոկտեմբերին կրկին ունեցել ենք բացարձակ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ: 2025 թվականի հոկտեմբերին 810 հազար 74 գրանցված աշխատատեղ ունենք երկրում»,- այս մասին ԱԺ նիստում 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի նկատմամբ աճը եղել է 38 տոկոսով. «2018 թվականից ի վեր մենք ՀՀ-ում ստեղծել ենք 223 հազար 895 աշխատատեղ: Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել: Այս աճը շարունակական է: 2024 թվականի հոկտեմբերը հոկտեմբերի նկատմամբ 31 հազար աշխատատեղ է ստեղծվել: Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313 հազար դրամ է, 2018 թվականի նկատմամբ աճը 135 հազար 657 դրամ է կամ 76 տոկոս: Մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են, ինչը և ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը»:
Անդրադառնալով եկամտային հարկի վերադարձին՝ վարչապետն ասաց. «Հոկտեմբերին վճարվել է 50 միլիարդ 699 միլիոն, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավել է: Մենք 2018-2025 թվականներին ՀՀ քաղաքացիներին 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով: Անշարժ գույքի գործարքներն աճել են 67 հազարով, մարզերում առաջնային շուկան աճել է 1104 տոկոսով: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա»:
![]()