![]()
Դեկտեմբերի 2-ին Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանին։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ նշելով, որ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝
ա/ վարկաբեկել է Հայ եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,
բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,
գ/ պատարագներին Ամենայն հայոց կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,
դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
Հիշեցնենք՝ Տեր Թադեն կոչ էր արել 2 կիրակի շարունակ մասնակցել Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագներին, որոնք մատուցել է Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան: Վերջինս չի ընդունում կարգալուծության որոշումը:
Տեր Թադեն նաև հրապարակային պաշտպանել է Տեր Արամին ու հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն՝ չհասկացվելու և միայնակ մնալու մտահոգությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:
![]()