Եթե իշխանությունը որոշեր եկեղեցու հետ խոսել կոմպրոմատներով, խնդիրը հենց առաջին օրը կլուծվեր

Եկեղեցու շուրջ արդեն ամիսներ տևող ճգնաժամի հանգուցալուծումն արդեն սկսվել է, ինչի մասին վկայում է եկեղեցու հոգևոր դասի բարձր ներկայացուցիչների՝ արքեպիսկոպոսների և կառավարող ուժի միջև արդեն իսկ սկսված երկխոսությունը, Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։

«Երբ արդեն իսկ եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին բարձրաձայնում են որոշ բարձրաստիճան հոգևորականներ, սա նշանակում է, որ գործընթացը, որը որոշ շահագրգիռ ուժերի կողմից ներկայացվում էր որպես արշավ եկեղեցու դեմ, դադարել է այդ կերպ ընկալվել։ Արդեն իսկ եկեղեցին է դիրքավորվում որպես առկա խնդիրները լուծող»,- նշեց Պարսիլյանը։ Նրա խոսքով՝ ժամանակ առաջ իրենց՝ կառավարող ուժին, մեղադրում էին ճնշումների գործիքակազմով հարցերը լուծելու մեջ, սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ եկեղեցում առկա խնդիրների մասին անընդհատ խոսելով, մասնավորապես վարչապետի մակարդակով այդ խոսակցությունը սիրով ժողովրդի հետ տանելով հնարավոր է արդյունքի հասնել։ «Պարզ է, որ այդ խոսքը հասնում էր նաև եկեղեցու անդամներին, ներկայացուցիչներին, որոնք արձագանքեցին։ Եվ այս կերպ էլ՝ երկխոսությամբ, խնդիրը լուծվելու է»,- նշեց մեր զրուցակիցը։ Իսկ որքա՞ն մոտ ժամանակում ականատես կլինենք խնդրի վերջնական հանգուցալուծմանը՝ հարցին ՔՊ խմբակցության ներկայացուցիչն արձագանքեց. «Նայելով դեպքերի ընթացքին՝ հույսեր ունեմ, որ դա առավելագույնը ամիսների հարց է»։

Տիգրան Պարսիլյանը, անդրադառնալով հոգևորականների դեմ ընդդիմադիր բևեռի կողմից սանձազերծված արշավին, նկատեց՝ երբ պետք է՝ նրանց պաշտպանության տակ են առնում, իսկ երբ պետք չէ՝ թիրախավորում են։ «Ակնհայտ է, որ եկեղեցին պետք է պաշտպանել քաղաքական մանիպուլյատորներից, որոնք պատրաստ են ամեն ինչ օգտագործել քաղաքական նպատակներով՝ առանց հաշվի նստելու դրանց արժեքայնության հետ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ի պատասխան ընդդիմադիր բևեռից հնչող քննադատությանը, թե՝ իշխանությունը հոգևորականության հետ խոսում է կոմպրոմատների լեզվով, այդ իսկ պատճառով էլ կարողացել է դեպի իր կողմը ներգրավել, կառավարող ուժի ներկայացուցիչը նկատեց. «Եթե իշխանությունը կոմպրոմատների գործիքակազմը կիրառեր, արդյո՞ք խնդիրը հենց առաջին օրը լուծված չէր լինի»։

Տիգրան Պարսիլյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև քաղբանտարկյալների, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ պատարագին մասնակցելու թեմային, եկեղեցու կողմից կուսակցություն գրանցելու և ընտրություններին մասնակցելու հավանականությանը։ Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ