![]()
«Ստեղծվել է եկեղեցական հանձնախումբ, որը պետք է քններ Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի իսկությունը, նրա վարքը: Հանձնաժողովը, այո, քննել է և գրավոր եզրակացություն է ներկայացրել Վեհափառին՝ առաջարկելով ժամանակավոր կասեցնել Արշակ սրբազանի եկեղեցական և վարչական գործունեությունը՝ մինչև որ փորձաքննության արդյունքները կպարզեն՝ դա ի՞նքն է, թե՝ ոչ»:
Այս մասին Հանրայինի եթերում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող, համացանցում տարածված տեսանյութերին և նրա պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկներին։
«Ժամանակավոր կասեցման առաջարկը եղել է մինչև փորձաքննության արդյունքների հրապարակումը, Վեհափառը մերժել է այդ առաջարկը»,- նշել է նա:
Ըստ Գևորգ եպիսկոպոսի՝ հենց եկեղեցական հանձնախումբն է դիմել Քննչական կոմիտե՝ այդ փորձաքննության արդյունքները ստանալու համար, այդ արդյունքներն էլ են ներկայացվել Գարեգին Բ-ին ու վերջինս ասել է, որ դրանք, ըստ էության, իր համար որևէ կարևորություն չեն ներկայացնում:
«10 եպիսկոպոսներից 3-ը հանձնախմբի անդամներ են և իրենք առանձին խոսել են Վեհափառի հետ այս ամենի մասին, մնացած 7-ս էլ այդ թեմայով առանձին խոսել ենք նրա հետ, ես ինքս՝ մի քանի անգամ ու մեզանից յուրաքանչյուրը՝ մի քանի անգամ: Մենք ասել ենք, որ սա հասարակության մեջ տարակուսանք է ստեղծել, հոգևոր դասն է շփոթված, սա կանոնական խնդիր է, որին լուծում պետք է տրվի՝ գոնե ժամանակավոր: Բայց երբ փորձաքննության արդյունքներն էլ անտեսվեցին, արդեն հաջորդեց մեր հայտարարությունը»,- նշել է Գևորգ եպիսկոպոսը:
Նա հավելել է, որ բոլորն էլ ասել են Կաթողիկոսին, որ այս իրավիճակը իրեն դարձրել է խոցելի, խնդրել են քայլեր ձեռնարկել ու իր համար անհասկանալի է այդ քայլերի չձեռնարկումը նման սկանդալային իրավիճակում:
«Սա իրողություն է, որի մասին Եկեղեցին պետք է հստակ դիրքորոշում հայտնի, հանրությանը կոնկրետ պատասխաններ են պետք, հանրության մեջ բոլորը գիտեն, ամբողջ աշխարհը գիտի, բոլորն են Վեհափառին ասել՝ հստակ քայլեր են պետք: Սրանք ուղղակի խոսակցություններ չեն, հստակ իրողություն է, որին արձագանք է պետք»,- հավելել է Գևորգ եպիսկոպոսը՝ նշելով, որ ինքը շատ երկար է մտածել ու այդպես էլ չի հասկանում ներկա իրադարձությունների տրամաբանությունը:
![]()