![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:
«Ինչպես և վարչապետը խոստացել էր` հրապարակվեցին Ղարաբաղի հարցով բանակցային փաստաթղթերը։ Հիմա ուզում եմ հասկանալ Մեղրիի փոխանակմանը կողմ նախկին նախագահը, նրան հաջորդած` տարիներ շարունակ իրեն փայլուն բանակցող հռչակած, բայց գործնականում ոչնչի չհասած վատ շախմատիստը, ժողովրդին ոչինչ չունե՞ն ասելու։
Տասնյակ տարիներ ժողովրդին ոչինչ չեք ասել, չեք պատրաստել այս վիճակին ու ոչ էլ ցանկացել եք հզոր բանակ ստեղծել։ Միակ հզոր բանը, դա ձեր ունեցվածքն է, որ 7 տարի է հատ-հատ բացահայտում ենք ու դեռ այնքան կա, որ մի 7 տարին էլ բավարար չի լինի։
Դրա համար էլ հեղափոխությունից անմիջապես հետո ամեն օր ասում էին Նիկոլը եկել է հողերը տա, սրանց քարոզիչների ամենօրյա գործն ու սպասումը դա էր։ Այսպիսի ապազգային առաջնորդներ ոչ մի երկրի չեմ ցանկանա։ Ու Ադրբեջանը տեսնելով, որ իրենց դիմաց երկիրը թալանող ու գլուխները կախ 5 շրջան տվող ուժ կա, անգամ իր սուվերեն տարածքը զիջող կա, պիտի ստորագրե՞ր։ Իհարկե ոչ, դրա համար էլ պահանջները հասցրել էր մաքսիմումի` հասկանալով, որ բանակ կառուցելու փոխարեն մարդիկ միայն բազմահարկ տներ են կառուցել»,- գրել է Մանավազյանը:
Հիշեցնենք՝ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։
Մեկ այլ հրապարակմամբ Կառավարությունը մանրամասնել է, թե ինչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը:
![]()