![]()
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2580 շահառու, վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14,700 ընտանիք, վճարվել է շուրջ 10,7 մլրդ դրամ։
Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի առաջին բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝
ունեք ՀՀ քաղաքացիություն,
ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Աջակցության չափը՝
երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝
«Ակբա Բանկ»,
«ԱՄԻՕ բանկ»,
«ԱյԴի» Բանկ,
«Կոնվերս Բանկ»,
«Արարատբանկ»,
«Արմսվիսբանկ»,
«Բիբլոս Բանկ Արմենիա»,
«Բլեսս» ՈՒՎԿ,
«Գլոբալ Կրեդիտ»,
«Էվոկաբանկ»,
«Ինեկոբանկ»,
«Կամուրջ» ՈՒՎԿ,
«Հայէկոնոմբանկ»,
«Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ,
ՎՏԲ-Հայաստան Բանկ,
«Ֆասթ բանկ» ։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝
ունեք ՀՀ քաղաքացիություն,
ունեք առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը։
Աջակցության չափը՝
ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Ձեզ արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։
![]()