Արդեն ակնհայտ է, որ ստախոսը Քոչարյանը, իր ԱԳ նախարարն ու իրենց սպասարկող քաղաքական շրջանակներն են. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:

«Այլևս ինձ համար պարզ է, թե ինչու ՌԴ-ն չմիջամտեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի իշխանազրկման գործընթացներին, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ մինչ այսօր աջակցում է…

Վերջապես հրապարակվեցին բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Եվ կապ չունի՝ 2-րդ նախագահը ինչպես կփորձի արդարանալ, քանի որ տարածքների փոխանակման տարբերակը իր ԱԳ նախարարի հետ միասին սուտ էին որակում, իսկ ինձ էլ՝ ստախոս անվանում։ Այս փաստաթղթերով արդեն ակնհայտ է, որ ստախոսը իրենք և իրենց սպասարկող քաղաքական շրջանակներն են, ոչ թե ես։ Արցախի հիմնահարցը ինքնորոշման հարթությունից հողային պահանջատիրության հարթություն տեղափոխել է Ռոբերտ Քոչարյանը, և ցավոք սրտի, այսօր էլ նույնը՝ իր ռուսահպատակ թիմով, շարունակում է։

Հ.Գ. Պնդումները, որ հոկտեմբերի 27-ը կապ չունի Մեղրիի տարբերակի հետ և «ուչաստկովիի» գործ է, ոչ միայն անհիմն, այլև կասկածելի են դառնում»,- գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Մեկ այլ հրապարակմամբ Կառավարությունը մանրամասնել է, թե ինչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ