Մեր օրոք է կառուցվել ՀՀ-ում առաջին աղբավայրը. մենք ենք սկսել այդ պրոցեսը, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք. Եղոյանը՝ ընդդիմությանը

«Պարո՛ն Դանիելյան շատ գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրեինք՝ չլինեիք Դաշնակցությունից, եթե իշխանություն եղած չլինեիք 20 տարի: Շատ գեղեցիկ բառեր են, բայց ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար»,- այս մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ օդի աղտոտվածության վերաբերյալ մտահոգություններին:

«Մեր օրոք է կառուցվել Հայաստանում առաջին աղբավայրը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտների նվազագույն շեմին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մասին ենք մենք խոսում: Գոյություն ունի «թափոնների կառավարման բուրգ» հասկացությունը: Որպեսզի հասկանաք՝ ինչի մասին է խոսքը, այդ բուրգի գագաթին գտնվում են, օրինակ՝ Շվեդիայի նման պետությունները, որտեղ թափոններից մնացուկը կարող է լինել կես տոկոս, 1 տոկոս, դա էլ այրված թափոնի տակի մոխրին է: Կան նաև թափոնների կառավարման այլ մակարդակներ, իսկ թափոնների կառավարման ստորին, ընդունելի շեմը գիտե՞ք որն է. Կոտայքում մե՛ր կողմից կառուցված նոր աղբավայրը: Մենք ենք սկսել այդ պրոցեսը, ժողովուրդ ջան, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք, որ ուշ եք սկսել»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ դրանից բացի՝ ինչ աղբավայր կա Հայաստանում, ստորին շեմից ներքև է:

«Նենց եք խոսում, ոնց-որ 2018-ին է Նուբարաշենի աղբավայրը ստեղծվել, կամ ոնց որ 2025-ին է այն վառվել»,- նկատեց Եղոյանը:

Նա տեղեկացրեց՝ ներկայումս քննարկվում է Երևանում նոր աղբավայրի կառուցման կամ աղբի վերամշակման նոր նախագծի հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ